ԱՄՆ-ում Թրամփի երդմնակալության արարողության կարգուկանոնի համար բայքերները պատրաստ են «մսից պատ կազմել»

01:49 • 15.01.17

Bikers For Trump բայքերների միության հիմնադիր Քրիս Քոքսը հայտարարել է, որ  իր կազմակերպությունը պատրաստ է նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ կենդանի պատ կազմել քաղաքացիների անվտանգությունը ապահովելու համար, հաղորդում է Fox News-ը:

Քոքսի խոսքով՝ հազարավոր բայքերներ պատրաստվում են ժամանել Թրամփի երդմնակալությանը, որը պլանավորված է հունվարի 20-ին Վաշինգթոնում:  Բայքերների ակցիան պլանավորված է ցանկացած տիպի միջադեպ կանխելու համար:

«Մենք կմասնակցենք երդմնակալությանը: Մենք մսից պատ կստեղծենք»,-ասել է Քոքսը  Fox News-ի եթերում:

Հաղորդավարը խնդրել է, որ նա բացատրի, թե ինչ ի նկատի ունի ասելով՝ «մսից պատ կազմել»:

«Մենք ուս ուսի խիտ կկանգնենք և կդիմադրենք նրանց, ովքեր կփորձեն անցնել ոստիկանության պատնեշը»,- խոստացել է Քոքսը, նշելով, որ իր կազմակերպության բայքերներն այնուամենայնիվ խաղաղ երդմնակալության արարողություն են ակնկալում: