«ԵԼՔ»-ի անդամներից յուրաքանչյուրը կներկայացնի համամասնական իր ցուցակը, ապա կկազմվի դաշինքի մեկ ցուցակ. Մարուքյան
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության համամասնական ցուցակը, որն այսօր հրապարակվել է, գլխավորում է ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը:
Tert.am-ը ԱԺ պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանից հետաքրքրվեց՝ ինչպե՞ս է կազմվելու «ԵԼՔ» դաշինքի ցուցակը, որի անդամ են ՔՊ-ն, ԼՀ-ը, «Հանրապետություն» կուսակցությունը, երբ «Քաղաքացիական պայմանագիր»-ը իր համամասնական առանձին ցուցակն է հրապարակել:
Էդմոն Մարուքյանը պատասխանեց, որ երեք ուժերն էլ հանդես են գալու համամասնական ցուցակներով, ինչից հետո դաշինքի ցուցակի քվոտաներում այդ հերթականությամբ են ներկայացվելու թեկնածուները: Այսինքն, ըստ Մարուքյանի, այս ցուցակներից կազմվելու է մեկ ցուցակ:
Թե ով կգլխավորի ցուցակը, պատգամավորը հավաստիացրեց, որ դեռ որոշված չէ: Հարցին՝ առաջին երեք համարներից մե՞կը կընտրվի, Էդմոն Մարուքյանը պատասխանեց. «Տրամաբանական է, որ այդպես կլինի»:
Ինչ վերաբերում է «Լուսավոր Հայաստան»-ի համամասնական ցուցակին, ապա Էդմոն Մարուքյանն ասաց, որ իրենք ցուցակը դեռ կազմում են: Պատգամավորը նշեց միայն, որ ցուցակը ինքն է գլխավորելու:










