Լեհաստանում Աննա Ֆրանկի կախազարդը հիշեցնող մեդալիոն է հայտնաբերվել (լուսանկար)
Լեհաստանում տեղակայված նախկին Սոբիբոր նացիստական համակենտրոնացման ճամբարի տեղում իրականացված պեղումների արդյունքում մետաղյա մեդալիոն է հայտնաբերվել, որը, ենթադրաբար, պատկանել է Աննա Ֆրանկի ընկերուհուն:
Իսրայելական Յադ վա Շեմ ազգային հուշահամալիրի փորձագետների կարծիքով` մեդալիոնը պատկանել է Կարոլինա Կոնին, ով, ինչպես և Ֆրանկը, ծնվել է 1929 թվականին Ֆրանկֆուրտում:
BBC-ի հաղորդմամբ` եռանկյունաձև կախազարդի վրա պատկերված է Դավիթի աստղը, ինչպես նաև փորագրված է ծննդյան ամսաթիվն ու քաղաքի անվանումը (Մայնի Ֆրանկֆուրտ): Պատմաբանների տվյալներով` Աննա Ֆրանկը նմանատիպ մեդալիոն է ունեցել:
Կայքը գրում է, որ կախազարդը հայտնաբերվել է այն վայրում, որտեղ, հետազոտողների ենթադրությունների համաձայն, համակենտրոնացման ճամբարի գերիներին ստիպել են մերկանալ և խուզել նրանց մազերը գազի խցիկներ ուղարկելուց առաջ:
Նշենք, որ Աննա Ֆրանկը ծագումով հրեա աղջիկ է, ով իր օրագրում («Աննա Ֆրանկի օրագիրը») նկարագրել է ֆաշիզմն ու դրա դրսևորումները: Աղջիկը մահացել է 15 տարեկան հասակում` Բերգեն-Բելզեն համակենտրոնացման ճամբարում:











