ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակումը կատարվում է ռոտացիոն կարգով, ռուսական այբուբենի համաձայն. խոսնակ

22:37 • 16.01.17

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղարի հարցը քննարկվելու է 2017թ.-ի ապրիլին: Tert.am-ի հետ զրույցում ասաց ՀԱՊԿ մամուլի քարտուղար Վլադիմիր Զայնետդինովը՝ նշելով, որ Երևանում անցկացված գագաթաժողովից հետո իրենք հանդես են եկել հայտարարությամբ, որտեղ հարցի վերաբերյալ բացատրություն տվել են:

Խոսքն այն հաղորդագրության մասին է, որտեղ ասված է, թե գագաթաժողովին ՀԱՊԿ անդամ Բելառուսի նախագահի բացակայության և դրանով պայմանավորված քվորում չլինելու պատճառով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի նշանակման հարցը հետաձգվել է մինչև հաջորդ տարվա ապրիլին կայանալիք՝ կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի հաջորդ նստաշրջանը:

ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի պաշտոնը անդամ-երկրներին է փոխանցվում ռոտացիոն կարգով: 2015թ.-ի սեպտեմբերին անդամ 6 պետությունների ղեկավարները, ընդունելով այս որոշումը, հայտարարել են, որ գլխավոր քարտուղարի պաշտոնը կստանձնեն բոլոր երկրների ներկայացուցիչները՝ ռոտացիոն կարգով:

Հերթը, ըստ հայաստանցի քաղաքական ու փորձագիտական շրջանակների, Հայաստանինն է: ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ում պաշտոնավարման ժամկետն ավարտվեց դեկտեմբերի 31-ին, պետք է փոխարիներ Հայաստանը, բայց ժամանակավորապես նշանակվեց Բորդյուժայի տեղակալը, ով նույնպես ազգությամբ ռուս է:

Հայ ներկայացուցչի նշանակման հարցը պաշտոնին երկու անգամ հետաձգվեց՝ նախ Ղազախստանի, ապա՝ Բելառուսի նախագահի բացակայության պատճառով, իսկ գլխավոր քարտուղարի պաշտոնում նշանակում կատարելու համար հարկավոր է բոլոր անդամների ներկայությունը նիստին ու նրանց բոլորի կոնսենսուսային համաձայնությունը:

Շրջանառվող տեսակետներին, թե Հայաստանն այդպես էլ չի ստանձնի այդ պաշտոնը, պաշտոնապես պատասխանեց ԱԺ փոխնախագահ, ՀԱՊԿ ԽՎ-ում հայաստանյան պատվիրակության ղեկավար Էդուարդ Շարմազանովը, ով վստահեցրեց, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարությունը ստանձնելու հերթը Հայաստանինն է, եթե ռոտացիան լինի այբբենական կարգով: 

Tert.am-ի հետ զրույցում Վլադիմիր Զայնետդինովն ասաց, որ ռոտացիան կատարվում է ռուսական այբուբենի համաձայն: Հարցին՝ ո՞ւմ հերթն է, նա չպատասխանեց, ասաց, որ վերոնշյալ հայտարարությունից ավելին ասել չի կարող:

Իսկ «Կիրիլիցայի» հաջորդականությունը հետևյալն է՝ Հայաստան, Բելառուս, Ղազախստան, Ղրղըզստան, Ռուսաստան, Տաջիկստան (Армения, Белоруссия, Россия, Казахстан, Киргизия и Таджикистан):