Amazon-ն «Ադոլֆ քեռիի» անունից «բարևել» է հրեա պատվիրատուին (լուսանկար)
Amazon.com առցանց խանութի աշխատակիցը հակասեմական բնույթի գրություն է դրել իրենց մոտից գնում կատարած հրեա կնոջ պատվերի մեջ:
Այս մասին հայտնում է Metro.co.uk-ը՝ մանրամասնելով, որ Լոնդոնի բնակչուհին երեխաների համար պատվիրած խաղալիքներով ծանրոցի մեջ հայտնաբերել է թուղթ՝ «Բարև Ադոլֆ քեռիից» գրությամբ:
Գրությունն այնքան է անհանգստացրել ու վախեցրել հրեուհուն, որ նա 2 օր աշխատանքի չի գնացել:
Հաղորդվում է, որ ոստիկանության աշխատակիցներն առգրավել են գրությունը, ծանրոցն ու դրա մեջ եղած խաղալիքները՝ փորձաքննություն անցկացնելու համար: Հետաքննությունը տեղի ունեցածը դիտարկում է որպես ատելության հողի վրա իրագործված հանցագործություն:
Ինչ վերաբերում է Amazon ընկերության արձագանքին, ապա այն աշխատանքից հեռացրել է գրության հեղինակին:











