Ստամբուլում ձերբակալվել է Ամանորի գիշերն ահաբեկչություն իրականացրած ուզբեկ գրոհայինը (տեսանյութ, լուսանկարներ)
Թուրքական հատուկ ծառայությունները ձերբակալել են Ամանորի գիշերը Ստամբուլում հայտնի «Ռեինա» ժամանցի վայրում ահաբեկչություն իրականացրած Աբդուլգադիր Մաշարիպովին, գրում է թուրքական «Հյուրրիյեթ» պարբերականը:
Ստամբուլի Էսենուրթի շրջանում հայտնաբերված ազգությամբ ուզբեկ Մաշարիպովի հետ է եղել նաև նրա 4-ամյա տղան:
Ինչպես ավելի վաղ հայտնել է tert.am-ը՝ ահաբեկչի կինը, որը ձերբակալվել էր օրեր առաջ, իր ցուցմունքում նշել էր, որ Մաշարիպովն ահաբեկչությունից հետո իր հետ տարել է նաև 4 տարեկան որդուն, իսկ 1.5-ամյա աղջիկը մնացել է մոր հետ:
Նշվում է, որ ահաբեկիչը ոստիկանական գործողության ընթացքում դիմադրություն է ցույց տվել ոստիկանության հատուկջոկատայիններին:
Նրա հետ ձերբակալվել են նրա ղրղզ ընկեր Էբու Մուհամմեդ կոդավորված անվամբ ներկայացող ահաբեկիչը, ում տանը պատսպարվել էր Մաշարիպովը, և ևս 4 կասկածյալ, որոնցից 3-ը կանայք են:

Հիշեցնենք, որ հունվարի 1-ին՝ տեղական ժամանակով 01.15-ին, Սանտա Կլաուսի հագուստով զինված տղամարդը ներխուժել էր Ստամբուլի «Ռեինա» գիշերային ակումբ, որտեղ հարյուրավոր մարդիկ տոնում էին Նոր տարին:
Զինված հարձակման հետևանքով զոհվել է 39 մարդ։










