Չինաստանում աշխատանքից հեռացրել են Մաո Ցզե Դունին «սատանա» անվանած չինովնիկին
Չինաստանում պաշտոնյան զրկվել է աշխատանքից երկրի նախկին ղեկավար Մաո Ցզե Դունին «սատանա» անվանելու համար:
Այս մասին հաղորդում է Reuters-ը՝ մանրամասնելով, որ աշխատանքից հեռացվածը Ցզո Չունխեն է, որը զբաղեցնում էր վարչության պետի տեղակալի պաշտոնը:
Հայտնի է, որ չինացին Weibo սոցկայքի իր էջում գրել էր, որ Մաո Ցզե Դունը «սատանա» է՝ քննադատելով երկրի իշխանությունների կողմից ամեն տարի Ցզե Դունի ծննդյան օրվա առթիվ խոշոր տոնախմբությունների կազմակերպումը:
Այդ գրառումից հետո Չունխեին մեղադրել են կուսակցական կանոնակարգի խախտման համար՝ խորհուրդ տալով մտածել սեփական սխալների մասին: Ինչ վերաբերում է սոցկայքում նրա անձնական էջին, ապա այն ջնջվել է:
Նշենք, որ Մաո Ցզե Դունը Չինաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցրել է 1954-1959թթ.: Նա մահացել է 1976թ. սեպտեմբերի 9-ին, սակայն մինչ այժմ հարգված է կոմունիստական կուսակցության կողմից որպես ժամանակակից Չինաստանի հիմնադիր:










