Մերկելն արձագանքել է ԵՄ-ի փլուզման մասին Թրամփի ենթադրությանը
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ մեկնաբանել է ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունը, երբ միլիարդատերը կանխատեսել էր Եվրամիության փլուզումը, գրում է «Интерфакс»-ը:
«Ես կարծում եմ՝ եվրոպացիները Եվրոպայի ճակատագիրն իրենց ձեռքում են պահում»,- ասել է նա:
Բացի այդ, Մերկելը պատասխանել է Թրամփի արտահայտությանն այն մասին, որ քիչ է ծանոթ նրա հետ:
«Ես անձամբ սպասում եմ ԱՄՆ նախագահի երդմնակալությանը: Դրանից հետո, իհարկե, մենք կաշխատենք նրա հետ բոլոր մակարդակներում»,- ասել է կանցլերը:
ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը բրիտանական The Times of London և գերամանական Bild պարբերականներին տված հարցազրույցում խոսել էր Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի մասին՝ նշելով, որ նա աղետալի սխալ է գործել՝ թույլ տալով բոլոր ապօրինի ներգաղթյալներին մուտք գործել երկիր:
Երբ լրագրողը հետաքրքրվել էր, թե արդյոք Թրամփը կաջակցի Մերկելին աշնանը կայանալիք կանցլերի ընտրություններում, 70-ամյա միլիարդատերը պատասխանել էր.«Ես հարգում, հավանում եմ նրան, սակայն լավ չեմ ճանաչում, ուստի՝ չեմ կարող ասել՝ կաջակցեմ, թե ոչ»:










