Կարո Փայլանը մահվան դեմ է պայքարում․ֆրանսիական Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ
Ֆրանսիայի հայաշատ քաղաք Իսի լե Մուլինոյի փոխքաղաքապետ Արթուր Խանջյանը նորություն է համարում այն, որ Թուրքիայի Ազգային ժողովում հայը Թուրքիային ասում է՝ սա է սխալդ, պետք է ընդունես: Tert.am-ի հետ զրույցում, խոսելով Թուրքիայի Մեջլիսի հայազգի պատգամավոր Կարո Փայլանի դեմ թուրքական կուսակցությունների և իշխանությունների պահվածքի մասին, Արթուր Խանջյանը նշեց, որ հայ համայնքը շատ հետաքրքրված է Կարո Փայլանի պահվածքով՝ միաժամանակ մտահոգվելով նրա ճակատագրով:
«Մտահոգված ենք նրա կյանքի ապահովության հարցով: Այսօր Հրանտ Դինքի սպանության տասնամյակն է լրանում, և Կարոյի ճակատագրով մենք արդեն մտահոգված ենք: Մտածում ենք՝ նրա նկատմամբ էլ կարող են քայլեր ձեռնարկվել: Խենթի կողմից սկսված մաքրագործման ծրագիր է, և Հրանտ Դինքի ճակատագրին կարող է արժանանալ նաև Կարո Փայլանը»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Թուրքիայի քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության հայազգի պատգամավոր Կարո Փայլանը մեջլիսում սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ բարձրացրել է Հայոց ցեղասպանության հարցը: Մեջլիսի հայ պատգամավորին «ցեղասպանություն» եզրույթի համար պատժել են` երեք նիստով հեռացնելով մեջլիսի աշխատանքներից: Փայլանի խոսքերը հանվել են նիստի արձանագրություններից:
Փայլանի արածին ի պատասխան՝ նրա դեմ բողոք է ներկայացրել թուրքական «Մեծ միություն» կուսակցության Էդիրնեի մասնաճյուղի ղեկավար Արիֆ Քյորօղլուն է, որը հայազգի պատգամավորին մեղադրել է ժողովրդի շրջանում քեն և ատելություն տարածելու համար:
Իսի լէ Մուլինոյի հայազգի փոխքաղաքապետի խոսքով՝ առայժմ հատուկ միջոցառում ի պաշտպանություն Կարո Փայլանի ֆրանսահայ համայնքը չի նախաձեռնել: Արթուր Խանջյանի կարծիքով, սակայն, ճիշտ կլիներ, որ տարբեր երկրներում հայ համայնքների ներկայացուցիչները կամ հենց Հայաստանի պատգամավորները Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ համապատասխան գնահատական տային:
«Առաջին անգամը չէ, որ Կարո Փայլանը նման ելույթով է հանդես եկել և ցնցել երկրի ներքին ատյանները: Մինչև այսօր Թուրքիան ընդդիմանում է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու գործում, և քաղաքականությունը հակահայկական է»,- ասաց նա՝ ավելացնելով, որ Կարո Փայլանը մահվան դեմ է պայքարում. «Մահի հետ է նա վիճում: Եվ դա քաղաքականություն չէ: Այսօր մենք հանգիստ ենք, մեր կյանքն այնքան էլ վտանգված չէ։ Պետք է ընդունենք, որ Կարոն շատ մեծ հերոսություն է արել»:
Հայկական հարցերն առաջ տանելու, հայերի պաշտպանությանն օգնելու գործին, ըստ Արթուր Խանջյանի, պետք է մասնակից լինեն նաև այլ երկրների հայասեր քաղաքական գործիչները:
Հայազգի փոխքաղաքապետը, այնուամենայնիվ, կարևորեց սփյուռքի ձայնը Թուրքիայի ձգտումները հայազգի պատգամավորի նկատմամբ զսպելու հարցում: Նա նշեց, որ նեղ հարցերով զբաղվելու՝ Հայաստանի ներքին կյանքը քննադատելու փոխարեն, սփյուռքը պետք է համախմբվի և իր նպաստը բերի հայկական հարցերում:










