Որքանով են տեղեկացված քաղաքացիները նոր ընտրակարգով քվեարկության մասին. հարցախույզ Երևանում
2017-ին անցկացվելիք ընտրություններն ընտրական օրենսգրքի փոփոխությունների արդյունքում նպատակ ունեն տարբերվել մինչ այս տեղի ունեցած բոլոր ընտրություններից։
Մասնավորապես, Ընտրական օրենսգրքի նոր նախագծով 41 ընտրատարածքի փոխարեն այսուհետ լինելու է 13 ընտրական տարածք՝ 4–ը Երևանում, 9–ը մարզերում։ Ընտրողների գրանցումը կատարվելու է էլեկտրոնային համակարգի միջոցով. տեղամասում գտնվող հատուկ տեխնիկական մասնագետը գրանցելու է ընտրողներին: Ընտրողները կարողանալու են գրանցվել ինչպես «կապույտ» անձնագրերով, այնպես էլ բիոմետրիկ անձնագրերով և նույնականացման քարտերով:
Համաձայն փոփոխությունների՝ ԱԺ ընտրությունների ընթացքում քաղաքացիներին տրվելու են գունավոր քվեաթերթիկներ: Յուրաքանչյուր կուսակցություն կամ դաշինք ունենալու է իր գույնը և քաղաքացին ծրարի մեջ է դնելու իր նախընտրած գույնի քվեաթերթիկը՝ այդպիսով կատարելով քվեարկությունը: Քվեարկության ծրարներն ընտրությունների ժամանակ հատուկ հաշվառման փաստաթուղթ են հանդիսանալու:
Նշենք նաև, որ նախագծով համամասնական ընտրությունների ժամանակ ընտրողն իր նախընտրած կուսակցության քվեաթերթիկի հակառակ կողմում ցանկության դեպքում կատարելու է ռեյտինգային քվեարկություն: Քվեատուփի մեջ գցվելուց առաջ քվեարկության ծրարը դակվելու է հատուկ դակիչով՝ կնիքի փոխարեն:
ՀՀ Ընտրական օրենսգրքում կատարվելիք փոփոխություններին քաղաքացիների տեղեկացվածությունը պարզելու համար Tert.am-ը հարցախույզ է անցկացրել Երևանի փողոցներում։
«Երեկ երեկոյան նորից ինտերնետում որոնեցի ու չկարողացա գտնել ինչ–որ բան։ Առաջին անգամ ձեզնից եմ լսում, որ քվեաթերթիկներն են տարբերվելու, ընտրակարգերն են փոխվել։ Նույնիսկ առավոտը տղաներով խոսում էինք, պարզվեց, որ հետագայում նախագահական ընտրություններին մենք չենք ընտրելու, այլ ընտրիչներ են մեր փոխարեն ընտրելու։ Ես էս ընտրակարգերից իրոք չհասկացա ոչ մի բան»,- ասաց քաղաքացիներից մեկը։
Մանրամասները՝ տեսանյութում։
Նարե Գրիգորյան










