«Ռազմավարական նախաձեռնության կենտրոնը» կհամակարգի նախարարությունների ռազմավարական խնդիրները. Սամվել Հարությունյան

20:51 • 19.01.17

 ՀՀ ԿԳՆ գիտության պետական կոմիտեի նախագահ Սամվել Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում անդրադարձավ կառավարության կողմից «Ռազմավարական նախաձեռնության կենտրոնի» ստեղծմանը: Նա նշեց, որ կենտրոնը ներառում է բոլոր ոլորտները՝ այդ թվում նաև գիտության ոլորտը և մոտ ժամանակներս քննարկումներ կլինեն:

«Դա շատ հոյակապ նախաձեռնություն է և վաղուց պետք է արվեր: Շատ հաճախ նախարարությունները, որոնք ռազմավարական ծրագրեր են ընդունում, տեղյակ չեն լինում մեկը մյուսից, այս կառույցը կհամակարգի բոլոր նախարարությունների ռազմավարական խնդիրները: Այսինքն՝ եթե մենք՝ որպես գիտության կոմիտե, ինչ-որ ծրագիր ենք կազմում, պետք է նաև իմանանք, թե տարբեր նախարարություններ ինչպիսի ծրագրեր ունեն: Այս կենտրոնի հիմնական դերակատարումը լինելու է բոլոր նախարարությունների ռազմավարական նշանակություն ունեցող ծրագրերն իրար հետ կապելը, ինչը շատ կարևոր է. յուրաքանչյուրը պետք է իմանա,թե մյուսն ինչով է զբաղվում»,- ասաց նա:

Սամվել Հարությունյանը նշեց, որ տարեկան 11 մրցույթ են իրականացնում, ամեն մրցույթին բազմաթիվ գիտնականներ են մասնակցում, իսկ նախկինում երեք տարին մեկ մրցույթ էր անցկացվում: «Ներկայումս հայ գիտնականների զգալի մասը հոյակապ ծրագրեր է կարողանում գրել, սովորել են լուրջ բիզնես ծրագրեր գրել, իսկ հետազոտությունների առաջին փուլը սկսվում է բիզնես ծրագրով: Մասնավորապես, գիտության պետական կոմիտեն բազմաթիվ ռազամավարական ծրագրեր ունի, որոնք անպայման կներկայացնենք»,- ասաց նա:

Հիշեցնենք, որ «Ռազմավարական նախաձեռնությունների կենտրոն» հիմնադրամը շահույթ ստանալու նպատակ չհետապնդող ոչ առևտրային կազմակերպություն է, որը հետապնդում է ՀՀ տնտեսական զարգացման երկարաժամկետ ռազմավարական ծրագրերի, բարեփոխումների փաթեթների և ներդրումային ծրագրերի հավաքագրման, մշակման, վերլուծության, վերանայման, սպասարկման ու վերահսկողության նպատակներ: Հիմնադրամի ղեկավարն է Ալեքսանդր Խաչատուրյանը: