Ասադը հույս ունի, որ Աստանայում բանակցություններից հետո ապստամբները վայր կդնեն զենքը

18:22 • 19.01.17

Սիրիայի առաջնորդ Բաշար Ասադը Ղազախստանի մայրաքաղաքում Ռուսաստանի միջնորդությամբ Սիրիայի մասին բանակցությունների նպատակն է անվանել ապստամբ խմբավորումների հետ «խաղաղ» համաձայնությունները, որոնց շրջանակում նրանք կհանձնեն զենքը և կհամաներվեն: Այդ մասին հայտնում է Reuters-ի ռուսական ծառայությունը:


Ասադը ճապոնական հեռուստաալիքին տված հարցազրույցում նշել է, որ հայտնի չէ, թե արդյոք հաջորդ շաբաթ Աստանայում նախատեսված բանակցությունները կօգնեն սկսել քաղաքական երկխոսությունը, «որովհետև պարզ չէ, թե ով է մասնակցելու»: Սիրիայի առաջնորդը հույս ունի, որ հանդիպումը հարթակ կդառնա ապստամբ խմբավորումների հետ բոլոր հարցերի քննարկման համար:


«Մենք դեռ կարծում ենք, որ Աստանայում հանդիպումը նվիրված կլինի հրադադարի վերաբերյալ ահաբեկչական խմբավորումների հետ բանակցություններին», ինչը թույլ կտա խաղաղ կարգավորման մասին համաձայնագիր կնքել», -ասել է Ասադը հարցազրույցում, որի որոշ հատվածները հրապարակվել են նրա Twitter-ի էջում:


Աստանայում բանակցություններին մասնակցել համաձայնել է Թուրքիայի կողմից աջակցություն ստացող մի քանի ապստամբ խմբավորում, որոնք պայքարում են Սիրիական ազատ բանակի դրոշի ներքո: