Ասանժը հրաժարվել է ԱՄՆ արտահանձնումից
WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի փաստաբանները հայտարարել են, որ Ասանժը համաձայն չէ ԱՄՆ արտահանձնվել՝ իր կողմից առաջադրված պայմանները չկատարելու պատճառով, գրում է Washington Post-ը:
Ասանժը հայտարարել էր, որ կհամաձայնի ԱՄՆ արտահանձնման, եթե իշխանությունները ներում շնորհեն WikiLeaks-ին տեղեկություններ փոխանցած Չելսի Մենինգին: Բացի այդ, նա պահանջել էր պահպանել իր բոլոր իրավունքներն արտահանձնումից հետո:
Երեքշաբթի ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման մեղմել է Մենինգի դատավճիռը: Նա ազատ է արձակվելու 2017 թվականի մայիսին՝ ճաղերի հետևում անցկացնելով 7 տարի՝ դատարանի կողմից նշանակված 35 տարվա ազատազրկման ժամկետից:
Ավելի վաղ Ասանժի փաստաբան Պեր Սամուելսոնը հայտնել է, որ նա բաց է արտահանձնման մասին բանակցությունների համար, բայց ընդգծել է, որ Մենինգին ներում չեն շնորհել:
«Ակնհայտ է, որ այն, ինչ արել է Օբաման, այն չէ, ինչի փորձում էր հասնել Ասանժը: Պարոն Ասանժը նշում էր, որ Չելսին ընդհանրապես չպետք է ենթարկվեր պատասխանատվության, երբեք չպետք է դատապարտվեր տասնյակ տարիների ազատազրկման և պետք է անհապաղ ազատ արձակվեր»,- ասել է ԱՄՆ-ի տարածքում WikiLeaks-ի հիմնադրին ներիկայացնող փաստաբան Բարի Պոլակը:










