Մալայզիայի իշխանությունները թույլ են տվել մասնավոր անձանց զբաղվել 2014 թվականին անհետացած Boeing-ի որոնումներով
Մալայզիայի իշխանությունները թույլ են տվել 2014 թվականի մարտին անհետացած Malaysia Airlines ավիաընկերության Boeing օդանավի որոնմամբ զբաղվեն մասնավոր անձինք, հայտնում է New Straits Times-ը:
Լրատվամիջոցի տվյալներով՝ Մալայզիայի կառավարությունում հայտարարել են, որ կողջունեն ցանկացած օգնություն «ավիացիայի մեծագույն գաղտնիքի» լուծման հարցում: Երկրի տրանսպորտի նախարար Ազիզ Կապրավին վստահեցրել է, որ օդանավի ֆյուզելյաժը գտնողները կստանան պարգևատրում՝ չնշելով հստակ գումարը:
Ընդ որում՝ անհրաժեշտ է տեղեկացնել մալայզիական տրանսպորտի նախարարությանը որոնումների սկսվելու մասին: Կապրավին նշել է, որ բոլոր որոնումներն իրականացվելու են էնտուզիաստների հաշվին, և Մալայզիայի կառավարության կողմից ֆինանսական օգնության սպասել հարկավոր չէ:
Ավելի վաղ Ավստրալիայի, Չինաստանի և Մալայզիայի տրանսպորտի նախարարները հայտարարել են Malaysa Airlines ավիաընկերության անհետացած Boeing ինքնաթիռի որոնումները դադարեցնելու մասին:
Հիշեցնենք, որ Boeing 777-200-ը, որում եղել է 227 ուղևոր և անձնակազմի 12 անդամ, ռադարների էկրաններից անհետացել է 2014 թվականի մարտի 8-ին։ Այն իրականացնում էր Կուալա Լումպուր-Պեկին չվերթը։










