Բրազիլիայում չարագործները 15 ավտոբուս ու միկրոավտոբուս են այրել

10:56 • 19.01.17

Բրազիլիայի Նատալ քաղաքում չորեքշաբթի այրվել է առնվազն 15 ավտոբուս, միկրոավտոբուս և ավտոմեքենա այն պահին, երբ իշխանությունները հայտարարել են անցած շաբաթվա վերջին տեղի ունեցած անկարգություններից հետո տեղի բանտից կալանավորների մի մասին այլ քրեակատարողական հաստատություններ տեղափոխելու մասին, գրում է «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։


Անկարգությունների ժամանակ Նատալի բանտում 26 մարդ էր մահացել, որոնցից 15-ը գլխատվել էր:


Անկարգությունների պատճառ է դարձել երկու հակամարտող հանցախմբերի ազատազրկված ներկայացուցիչների բախումը: Խմբերից մեկը ներխուժել է բանտի այն հատված, որտեղ եղել են նրանց հակառակորդների ներկայացուցիչները, ինչից հետո զանգվածային ծեծկռտուք է սկսվել:


Հաղորդվում է, որ 3 ավտոբուս և կառավարական կառույցների մեքենան այրվել են հենց ճանապարհին: Եվս 12 ավտոբուս այրվել է ընկերության ավտոտնակում, որին դրանք պատկանել են:


Ավելի վաղ Բրազիլիայի նախագահ Միշել Տեմերը հայտարարել է երկրում մոտ 30 նոր քրեակատարողական հաստատություն կառուցելու մտադրության մասին՝ ծանրաբեռնված բանտերը բեռնաթափելու համար: Դրա համար նախատեսվում է տրամադրել ավելի քան 300 միլիոն դոլար: