Փաստաբանության մասին նոր օրինագծում մտահոգիչ դրույթներ կան, իսկ փաստաբանների առաջարկները չընդունվեցին. Գ. Գյոզալյան
Կառավարությունը շրջանառության մեջ է դրել օրենքի նախագիծ, որով փոփոխվում է «Փաստաբանության մասին» ՀՀ օրենքը. նախագծում մի շարք մտահոգիչ դրույթներ կան փաստաբանների համար:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց փաստաբան Գևորգ Գյոզալյանը:
«Մի շարք փաստաբաններով համախմբվեցինք, մատնացույց արեցինք այն ակնհայտ մտահոգիչ դրույթները և կառավարությանն առաջարկություններ ներկայացրինք հիմնավորումներով, որպեսզի փոփոխվեն այդ դրույթները»,-ասաց Գյոզալյանը:
Փաստաբանի խոսքով՝ մտահոգիչ դրույթներից ամենակարևորը վերաբերում է Փաստաբանների պալատի մարմինների հակակշռման և զսպող մեխանիզմներին. «Մասնավորապես, վտանգավոր դրույթն այն է, որ խորհրդի անդամները պետք է աշխատանքային պայմանագրերով կապված լինեն Պալատի հետ, սակայն պետք է, որ անդամներն ամբողջությամբ լիարժեք ազատություն ունենան, որպեսզի նրանց քվեարկություններ էլ լինեն ազատ: Շատ պարզ օրինակ կբերեմ, եթե ես աշխատանքային պայմանագրով կապված եմ Պալատի հետ, աշխատավարձը կորցնելու սպառնալիքի տակ կքվեարկեմ այնպես, ինչպես պետք է Պալատին: Նաև շեշտեմ, որ այն, ինչ ասում եմ, անձով չի պայմանավորված»:
Գյոզալյանի խոսքով՝ խնդիրն այն է, որ ինստիտուցիոնալ առումով կոպիտ սխալ կա, եթե փաստաբանները փոխկապակցվեն Պալատին. «Սա ևս կաշկանդելու է նրան իր քվեարկության կամ այլ հարցում»:
Փաստաբանը նշեց, որ մյուս մտահոգությունն այն է, որ օրենքն ընդունվելու դեպքում փաստաբանները պարտավոր են լինելու տարվա սկզբից վճարել մեկ տարվա համար նախատեսված անդամավճարը:
Գյոզալյանը տեղեկացրեց, որ առաջարկվող փոփոխությունների հրապարակումից անմիջապես հետո դիմել են կառավարություն, ՀՀ Նախագահին, Ազգային ժողովին և այլ պատկան մարմինների՝ հայտնելով որ խնդրահարույց դրույթների վերաբերյալ առաջարկություններ ունեն, սակայն բազմաթիվ գրավոր պատասխաններից հետո Արդարադատության նախարարությունից պատասխանել են, որ նրանց առաջարկներն ընդունվել են ի գիտություն:
«Նախարարությունն օրենքը խախտելով հիմնավորում չի ներկայացրել, թե ինչու չեն ընդունվել առաջարկությունները, և նախագիծն ուղարկվել է Ազգային ժողով: Կառավարությունն ի չիք է դարձնում իր այն հայտարարությունը, թե իրենք բաց են, լսում են, քննարկում են, չկա նման բան»:
Հարցին, թե ինչ հակասություններ կան Փաստաբանների պալատում, Գևորգ Գյոզալյանն ասաց, որ փաստն այն է, որ չկան այնպիսի հակասություններ, որոնք լուծելի չլինեն. «Ես կարծում եմ, որ բոլորս մի կողմ պետք է դնենք թշնամությունը և ատելությունը և նորմալ քննարկենք այն խնդիրները, որոնք կան։ Ես ցավում եմ, որ այդ խնդիրներ դուրս են եկել պալատից, բայց ես հույս ունեմ, որ այս խորհրդի ընտրությունները կլինեն խթան նոր փոփոխությունների համար: Կգան նոր մարդիկ և այս նոր մարդիկ ունակ կլինեն որոշակի փոփոխություններ մտցնել Պալատում»:










