Իտալիայում ձնահյուսքը ծածկել է հյուրանոցը, որում գտնվել է 20-ից ավելի մարդ
Իտալիայի Աբրուցո մարզում ձնահյուսքն ամբողջությամբ ծածկել է տեղի հյուրանոցներից մեկը (Rigopiano di Farindola), որում գտնվել են մարդիկ, հայտնում է korrespondent.net-ը:
Աղբյուրը մանրամասնում է, որ արտակարգ իրավիճակի մասին ահազանգել են հյուրանոցի այցելուներից 2-ը: Դեպքի վայր են ժամանել փրկարարները, որոնք փորձում են բոլոր հնարավոր տարբերակներով հասնել շինությանը: Նշվում է, որ հյուրանոցում գտնվողների հետ կապն ընդհատվել է:
Իշխանությունների փոխանցմամբ՝ հունվարի 18-ի դրությամբ հյուրանոցում եղել է 20 այցելու, մինչդեռ սպասարկող անձնակազմի թվաքանակի մասին տեղեկություն չկա:
«Ցավոք, տեղի է ունեցել սարսափելի ողբերգություն: Ենթադրվում է, որ կարող են զոհեր լինել, բայց այս ամենը դեռևս հաստատվելու կարիք ունի»,-իր ֆեյսբուքյան էջում գրել է Պեսկարա շրջանի ղեկավար Անտոնիո դի Մարկոն:










