«Իսլամական պետությունը» մեկ տարվա ընթացքում կորցրել է գրաված տարածքների մեկ քառորդը. զեկույց

14:19 • 19.01.17

«Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորումը 2016 թվականին կորցրել է Սիրիայում և Իրաքում գրաված տարածքների մոտ մեկ քառորդի նկատմամբ վերահսկողությունը: Այդ մասին հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը՝ վկայակոչելով IHS Markit վերլուծական ընկերությանը:


Փորձագետների տվյալներով՝ մեկ տարվա ընթացքում ջիհադականները թողել են մոտ 18 հազար քառակուսի կիլոմետր տարածք, և այժմ նրանց հսկողության տակ գտնվող տարածքը կազմում է 60,4 քառակուսի կիլոմետր:


Այսինքն՝ 2016 թվականին «Իսլամական պետության» գրոհայինները կորցրել են նախկինում գրաված տարածքների 23 տոկոսը, իսկ մեկ տարի առաջ՝ 14 տոկոսը, նշվում է զեկույցում:


«ԻՊ-ն աննախադեպ տարածքային կորուստներ է կրել 2016 թվականին: Դա վերաբերում է նաև խմբավորման պլաններում կարևոր դեր խաղացող շրջաններին»,- ասել է IHS Markit-ի ավագ վերլուծաբան Քոլումբ Սթրեքը: