Առնվազն 30 հրշեջ է մահացել Թեհրանում շենքի փլուզման հետևանքով. Press TV (լուսանկարներ, տեսանյութ)

14:13 • 19.01.17

Առնվազն 30 հրշեջ է զոհվել Թեհրանում հին բարձրահարկ շենքերից մեկում բռնկված հրդեհի հետևանքով: Շենքը հրդեհի հետևանքով փլուզվել է: Այդ մասին հայտնում է իրանական Press TV հեռուստաալիքը:


Հրդեհն առաջացել է Իրանի մայրաքաղաքի կենտրոնական Ջոմհուրի փողոցում 50 տարի առաջ կառուցված 17-հարկանի «Պլասկո» առևտրային համալիրում: Կրակը բռնկվել է իններորդ հարկում և արագորեն տարածվել համալիրի ամբողջ վերին հատվածում, ինչի հետևանքով շինությունը փլուզվել է, երբ հրշեջները դեռ պայքարում էին կրակի դեմ:


Լրատվամիջոցը հայտնում է, որ պաշտոնյաներից մեկը նշել է, որ տեղեկությունների համաձայն՝ 50-100 հոգի մնում է փլատակների տակ:


Իշխանությունները բացառել են ահաբեկչության վարկածը:


Դեպքի վայրում աշխատում են հրշեջներն ու փրկարարները, որոնք կարողացել են ժամանակին տարհանել «Պլասկո»-ում գտնվող շատ աշխատակիցների և այցելուների: Բժշկական հաստատություններն ընդունում են վիրավորների:


Իրանական հեռուստատեսությամբ ցուցադրված ուղիղ հեռարձակման կադրերում երևում է այն պահը, երբ շինությունն ընդամենը մի քանի վայրկյանում փլվում է:

آتش سوزی در ساختمان پلاسکو

 Smoke pours from the Plasco building in Tehran, Iran, shortly before it collapses (19 January 2017)