Լիտվացին տուգանվել է խորհրդային դրոշը հրապարակավ չորացնելու համար
Լիտվայի մայրաքաղաք Վիլնյուսի բնակիչը տուգանվել է իր տան վրա խորհրդային դրոշ կախելու համար, հաղորդում է Delfi-ն:
Աղբյուրը մանրամասնում է, որ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 24-ին: Վիլնյուսի ոստիկանությունը հաղորդագրություն է ստացել տներից մեկի վրա գտնվող կարմիր դրոշի մասին: Տան բնակչուհին ասել է, որ դա կարող էր անել իր ամուսինը, սակայն վերջինս հայտնել է, որ ինքն ամբողջ օրն աշխատանքի է եղել:
Պարզվել է, որ երկար ժամանակ խորդանոցում պահվող դրոշը գտել և կախել է տղամարդու եղբայրը: Վերջինիս խոսքով` ինքը պարզապես ցանկացել է չորացնել դրոշը:
Կայքի հաղորդմամբ` Վիլնյուսի շրջանային դատարանն անբավարար է համարել բացատրությունները:
«Տան ճակատային մասի ամենաերևացող կողմում դրոշ կախելն ապացուցում է, որ դրոշը կախվել է ցուցադրաբար` գիտակցելով, որ խորհրդային սիմվոլիկայով դրոշը տեսանելի կլինի անցորդներին», - ասվում է դատական որոշման մեջ:
Նշվում է, որ տղամարդը պետք է 150 եվրո գումարի չափով տուգանք վճարի: Դրոշն առգրավվել է:










