Իմ կյանքի ընթացքում չի կարող լինել իգական սեռի ներկայացուցիչ, որն ասի, որ Արմեն Մարտիրոսյանն իրեն մատով կպել է. Արմեն Մարտիրոսյան
«Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը Tert.am -ի հետ զրույցում հերքեց տեղեկատվությունը, թե երեկ կուսակցության վարչության նիստի ժամանակ փորձել է ապտակել իր վաղեմի կուսակցական ընկերուհի Զարուհի Փոստանջյանին:
-Պարոն Մարտիրոսյան, ճի՞շտ է տեղեկությունը, որ փորձել եք ապտակել Զարուհի Փոստանջյանին:
- Մարդիկ ուզում են «ժառանգության» վրա սև PR անելով` գումար աշխատել, ընտանիք պահել, բայց բարոյականության չափանիշները , նորմերը թող չանցնեն:
-Բայց չե՞ք փորձել ապտակել:
-Ուրեմն, իմ կյանքի ընթացքում չի կարող լինել իգական սեռի ներկայացուցիչ, որն ասի, որ Արմեն Մարտիրոսյանն իրեն մատով կպել է։
-Իսկ նիստը լարվա՞ծ էր անցնում:
-Բացարձակ լարվածություն չի եղել, հունից հանելու խնդիր չի եղել, հակառակը, շատ հանգիստ ես ու Զառան երեկ խոսել ենք:
-Հիմա նիստն այսօր ե՞րբ է շարունակվելու:
-Իսկ ո՞վ ասեց, որ շարունակվելու է:
-Իսկ ե՞րբ է քվեարկվելու հարցը, ինչպես երեկ հայտարարվեց` բաց քվեարկությամբ:
- Երբ ամեն ինչ պարզ կլինի: Երեկ ընդամենը, այսպես ասած, ինֆորմացիայի օր էր:
-Այսինքն` որոշում կայացնելու է մասի՞ն է խոսքը` ինչպե՞ս եք մասնակցելու ընտրություններին:
-Երեկ որոշում կայացնելու խնդիր դրված չի եղել:
-Իսկ հիմա ինչ` բոլորդ մնում եք Ձեր կարծիքի՞ն։ Դուք` Ձեր, Զարուհին` իր, Րաֆֆի Հովհաննիսյանը` ի՞ր, թե՞ Րաֆֆի Հովհաննիսյանը Ձեր կարծիքն է պաշտպանում:
-Րաֆֆի Հովհաննիսյանը իր կարծիքը, իրեն լրագրողները բազմաթիվ հարցեր տվել են, հստակ շարադրել է:
-Չեն հասկացել լրագրողները:
Լավ էլ հասկացել են լրագրողները , բոլորն էլ լավ հասկացել են, մենք էլ` ես , Զարուհին, Րաֆֆի Հովհաննիսյանը, բոլորս մեր կարծիքը հայտնել են:
-Իսկ վերջնական որոշում կայացնելու ժամկետը ե՞րբ է:
-Վերջնական ժամկետ գոյություն չունի: Տրամաբանված ժամանակահատվածում որոշում կկայացվի:
- Չէ՞որ կա ցուցակների խնդիր:
-Դրա համար ասում եմ` տրամաբանության շրջանակներում, չասացի` մինչև մյուս տարի:
-Իսկ հնարավո՞ ր է, որ մինչև փետրվար «Ժառանգությունում» այս պրոցեսները շարունակվեն:
-Այո:










