«Թզուկ» մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոնին արտահանձնել են ԱՄՆ
«Թզուկ» (El Chapo) մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան արտահանձնվել է ԱՄՆ-ին: Այդ մասին հայտնել է Մեքսիկայի արտգործնախարարությունը, գրում է interfax.ru-ն:
«Հանրապետության կառավարությունը պարոն Գուսման Լոերային հանձնել է Միացյալ Նահանգների իշխանություններին»,- ասված է հաղորդագրությունում:
Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել էին Գուսմանին 2014 թվականին և նրան տեղափոխել հատուկ պահպանվող «Ալտիպլանո» բանտ, որտեղ նա կես տարի անց փախուստի է դիմել 1,5 կիլոմետրանոց թունել փորելով:
2016 թվականի հունվարին Գուսմանին կրկին ձերբակալել են:
El Chapo-ն ամենավտանգավոր և հետախուզվող հանցագործներից մեկն է աշխարհում, ինչպես նաև պատմության մեջ ամենախոշոր նարկոդիլերներից մեկը:
Ամերիկյան իշխանությունները երկար ժամանակ ցանկանում էին նրա արտահանձնումը: ԱՄՆ-ում նրան մեղադրում են ոչ միայն թմրավաճառության, այլև սպանությունների համար: Արտահանձնման դիմում է ներկայացրել անմիջապես երկու նահանգ՝ Կալիֆորնիան և Տեխասը, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ: Թե ուր են տեղափոխում նարկոբարոնին, չի հաղորդվում:
Արտահանձնման գործընթացը տևել է մեկ տարուց ավելի: Մեքսիկայի իշխանությունները հավանության են արժանացրել Գուսմանի արտահանձնմանը դեռ 2016 թվականի մայիսին: Բայց նրա փաստաբանները հինգ բողոքարկում են ներկայացրել, որոնք հինգշաբթի մերժվել են:










