ԱՄՆ-ում կին կալանավորները հիացմունքով են դիմավորել «Թզուկ» մականունով հայտնի մեքսիկացի նարկոբարոնին

12:45 • 20.01.17

Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան, որը հայտնի է «Թզուկ» (El Chapo) մականունով, Նյու Յորքի բանտում ջերմ ընդունելության է արժանացել: Այդ մասին հայտնում է The New York Post-ը:


Երբ 13 մեքենայից բաղկացած ոստիկանական շարասյունը, որը տեղափոխում էր կալանավորին, մտել է բանտի դարպասներից ներս, պատուհանների մոտ հավաքված կանայք սկսել են վանկարկել նրա մականունը: Ականատեսների խոսքերով՝ «Չապո, Չապո» վանկարկումները լսվել են անգամ փողոցում: Նշվում է, որ նարկոբարոնը հունվարի 20-ին արդեն կկանգնի Բրուքլինում դաշնային դատարանի առաջ:


Խոակին Գուսմանը՝ մեքսիկական «Սինալոա» խոշորագույն նարկոկարտելի ղեկավարը, Մեքսիկայից ԱՄՆ է արտահանձնվել հունվարի 19-ին:


Ամերիկյան իշխանությունները երկար ժամանակ ցանկանում էին նրա արտահանձնումը: ԱՄՆ-ում նրան մեղադրում են ոչ միայն թմրավաճառության, այլև սպանությունների համար: Արտահանձնման դիմում է ներկայացրել անմիջապես երկու նահանգ՝ Կալիֆորնիան և Տեխասը, որտեղ նրան կարող է մահապատիժ սպառնալ: 


Արտահանձնման գործընթացը տևել է մեկ տարուց ավելի: Մեքսիկայի իշխանությունները հավանության են արժանացրել Գուսմանի արտահանձնմանը դեռ 2016 թվականի մայիսին: Բայց նրա փաստաբանները հինգ բողոքարկում են ներկայացրել, որոնք հինգշաբթի մերժվել են: