Շանս ունենք 1-ին երկիրը լինել, որը նախնական ինժեներական կրթությունը բերելու է դպրոց. Կարեն Վարդանյան

14:43 • 20.01.17

Ամբողջ աշխարհում բարձրակարգ ինժեներների խիստ պահանջարկ կա: Այսօր աշխարհում մոտ 2 միլիոն թափուր աշխատատեղ կա ծրագրավորման և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում: Այդ պահանջարկն աճելու է մինչև 2018 թվականը` դառնալով մոտավորապես 3 միլիոն: 

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը՝ հավելելով. «Մենք շանս ունենք առաջին երկիրը լինել, որը նախնական ինժեներական կրթությունը բերելու է դպրոց: Այս գաղափարը կյանքի կոչելու համար չնչին գումար է պետք՝ 8-10 մլն դոլար: Այսինքն` սա ակնառու պրոյեկտ է, որը պետք է արվի և ավարտվի: Աշխարհի ուշադրությունը մեր կողմը կթեքվի: 2019 թվականին այս պրոյեկտի համար Հայաստան կգան ամենաթոփ մենեջերները՝ #1-երը բոլոր մեր իմացած հիմնարկներից` IBM,  Orakle, և այլն:

Կարեն Վարդանյանի համոզմամբ` նախագիծը Հայաստանի բիզնես ոլորտը զգալի քայլով կբարձրացնի վերև. «Դպրոցներում ինժեներական կրթություն ներմուծելը մեզ վրա կնստի մի 10 մլն դոլար, բայց մենք միլիարդների օգուտ կստանանք»: 

Վարդանյանի խոսքով` առաջիկա 10 տարիների ընթացքում ականատես ենք լինելու ինժեներական մասնագիտության պահանջարկի անընդհատ աճի. «Դա նշանակում է, որ ինչքան մենք մասնագետ պատրաստենք Հայաստանում, այդքան գործ կարող ենք բերել»: 

Շանս ունենք 1-ին երկիրը լինել, որը նախնական ինժեներական կրթությունը բերելու է դպրոց. Կարեն Վարդանյան