Զինգրքույկի վերականգման համար մայորի կողմից $200 կաշառք պահանջելու գործը դատարանում է. նրան սպառնում է մինչև 3 տարի ազատազրկում

13:31 • 20.01.17

ՀՀ ՊՆ Գյումրու զինկոմիսարիատի պահեստազորի սերժանտ, շարքայինների հաշվառման ամրագրման և նախորոշման բաժանմունքի պետ, մայոր Արտեմ Մարգարյանի կողմից ենթադրյալ կաշառք վերցնելու գործը դատարանում է:

Դատական տեղեկատվական համակարգի տեղեկացմամբ՝ գործն ուղարկվել է Մարալիկի դատարան և մակագրվել դատավոր Վարդան Գրիգորյանին:

Արտեմ Մարգարյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ 10.11.2016թ իրականացված կաշառք տալու նմանակում օպերատիվ հետախուզական միջոցառման ընթացքում, Գյումրու զինկոմիսարիատում տեղակայված իր ծառայողական աշխատասենյակում, անձամբ Հ. Ղազարյանից ստացել է որպես կաշառք պահանջված 200 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ: 

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ իրական կամ ենթադրյալ ազդեցությունը շահադիտական նպատակով օգտագործելը` անձամբ կամ միջնորդի միջոցով դրամի, գույքի, գույքի նկատմամբ իրավունքի, արժեթղթերի կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը կամ ստանալու խոստումը կամ առաջարկն ընդունելը` իրավաբանական կամ ֆիզիկական անձանց օգտին որևէ պաշտոնատար անձի կամ պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայողի կողմից իր լիազորությունների շրջանակում որևէ գործողություն կատարելուն կամ չկատարելուն նպաստելու կամ ծառայության գծով հովանավորչության կամ թողտվության համար:  

Արարքը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից մինչև չորսհարյուրապատիկի չափով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը երեք տարի ժամկետով:

Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը: Արտեմ Մարգարյանն իր խնամքին ունի 2 երեխա: