Ջավախքի հետ կապված ոլորտներում իմ աշխատանքը չի առնչվում օրենսդրական գործունեությանը. Շիրակ Թորոսյանն ամփոփում է հնգամյա գործունեությունը
ՀՀԿ խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն առաջիկայում կորոշի, մասնակցելո՞ւ է խորհրդարանական ընտրություններին, թե ոչ: Մինչ այդ, պատգամավորի 5 –ամյա գործունեության, ջավախահայերի խնդիրների լուծման տարբերակները օրենսդրական դաշտ տեղափոխելու և այլ հարցերի շուրջ Tert.am-ը զրուցեց պատգամավոր Շիրակ Թորոսյանի հետ:
-Պարո՛ն Թորոսյան, մոնիթորինգային վերջին տվյալներով, 2016թվականի սեպտեմբերի 13-ից մինչև դեկտեմբերի 23-ը դուք 148 կողմ եք քվեարակել, 0 դեմ, 0 ձեռնպահ, և առահասարակ, սովորաբար կողմ եք քվեարակում անգամ աղմկահարույց նախագծերին: Ինչո՞ւ:
-Դեմ եմ քվեարկում այն բոլոր օրինագծերին, որին խմբակցությունը դեմ է քվեարկել, ձեռնպահ էլ ենք ունեցել: Ես միշտ քվեարկել եմ այնպես ինչպես խմբակցությունը:
-Դա չի՞ սահմանափակում ձեր գործունեությունը:
-Բոլորվին, որովհետև Ջավախքի հետ առնչվող ոլորտներում իմ գործունեությունը, որը հանրային ու հասարակական է, չի առնչվում օրենսդրական գործունեության հետ: Դա այլ հարթություն է: Ես ԱԺ պատգամավոր եմ, խմբակցության անդամ, և ճիշտ չեմ համարում քվեարկել խմբակցության տեսակետի դեմ:
-Ի՞նչ խնդիրներ կան, որոնց լուծումը տրվել կամ չի տրվել ձեր պատգամավորական հնգամյա գործունեության ընթացքում:
-Բազմաթիվ խնդիրներ կան, որոնք իրենց լուծումները ստանում են, բայց ոչ միայն օրենսդրական ճանապարհով: Օրինակ՝ Բավրայի սահմանային անցակետում բեռնամաքսային հայտարարագրերը լրացնելու համար բրոքերային ծառայությունը պահանջում էր 1000 դրամ միջնորդավճար, որը դժգոհություն առաջացրեց ջավախքցիների շրջանում: Մեր քննարկումների արդյունքում որոշում կայացվեց մեղմել մաքսային հայտարարագրի պահանջները՝ 57 տողից հասցնելով 9-ի, որը քաղաքացիներին հնարավորություն տվեց ցանկության դեպքում ինքնուրույն լրացնել հայտարարագիրը՝ չդիմելով բրոքերի ծառայությանը:
Բացի այդ, սահմանային մաքսակետում հերթեր էին գոյանում, մեր բանակցությունների արդյունքում կառավարությունը լրացուցիչ մասնագետներ և համակարգիչներ ավելացրեց, ինչի հետևանքով սահմանին հերթեր այլևս չեն գոյանում։
Հաջորդ խնդիրը երկքաղաքացիության համար դիմող մինչև 27 տարեկան քաղաքացիների զինապարտության հարցն էր, ովքեր գալիս են ՀՀ քաղաքացիություն ստանալու համար դիմում գրում, ապա մեկնում Վրաստանում մեկ տարի տևող զինծառայության, և մինչև ծառայության ավարտը ստանալով ՀՀ քաղաքացիություն, օրենքով սահմանված կարգով, փաստորեն, Հայաստանում դառնում են զինապարտ: Այդ հարցը ևս կարգավորվեց պատկան մարմինների հետ մեր քննարկումների արդյունքում, և կրկնակի զինծառայությունը բացառվեց:
Լուծվել է նաև Հայաստան-Վրաստան(Ջավախք) ուղևորափոխադրումների ոլորտում ծագած մի կարևոր խնդիր, երբ վրացական կողմի կազմակերպությունը կեղծ լիցենզիաներ էր տրամադրել վարորդներին՝ խախտելով Վրաստանի օրենքները: Այդ հարցը ևս լուծվեց:
Հաջորդ խնդիրն այն է, որ երբ Վրաստանի քաղաքացին ՀՀ քաղաքացիություն ստանալուց հետո տարիներ անց տեղափոխվում է Հայաստան մշտական բնակության և իր հետ բերում է շարժական գույքը, մաքսազերծման խնդրի առաջ է կանգնում: Այս հարցը ևս հիմնականում կարելի է կարգավորված համարել: Ծավալել ենք նաև նշանակալի մշակութային գործունեություն:
Իսկ ջավախքահայության հիմնախնդիրների հետ կապված իմ քաղաքական գործունեությունը բոլորին է հայտնի, որի պատճառով էլ արգելվել է իմ մուտքը Վրաստան:
-Ջավախահայերի համար խնդիր է նաև պետպատվերը: ՀՀ-ում գալիս են բուժում ստանալու բազմաթիվ հայեր, օրենսդրական արտոնություններ չկան, պետպատվեր ստանալու համար էլ դիմում են կազմակերպությունների և այլն: Դուք պատգամավոր եք, ի՞նչն էր խանգարում ձեզ, որպեսզի նման օրենսդրական նախագիծ ներկայացվեր, և այդ ամենը բերվեր օրենքի դաշտ, հաշվի առնելով, որ դա նաև Հայաստանին է ձեռնտու:
-Այստեղ խնդիր կա․ հնարավոր չէ բոլոր ջավախքցիներին պետական պատվեր ապահովել, որովհետև դա պայմանավորված է սոցիալական վիճակով, իսկ Հայաստանում այն սոցիալական համապատասխան խմբերը, ովքեր ստանում են առողջապահական պետպատվեր, հստակեցված են պետության կողմից: Վրաստանից եկած քաղաքացու սոցիալական վիճակի մասին հստակ տեղեկութուն ստանալը բարդ է, այնումենայնիվ մենք փորձում ենք ստանալ: Նաև առաջնորդվում ենք ջավախքցու հպարտությամբ. եթե նա գումար ունի, երբեք պետպատվերի համար չի դիմի: Այնուամենայնիվ «Ջավախք» հայրենակցական միությունը տարեկան 300-500 ջավախքցու օգնություն է ցուցաբերում այդ հարցում՝ միջնորդելով ՀՀ Առողջապահության նախարարությանը:
ՀՀ իշխանությունների համաձայնությամբ՝ ՀՀ առողջապահական հաստատությունները ջավախահայերին բուժօգնություն տրամադրելիս վերջիններիս չեն դիտարկում որպես օտարերկրացի:՝
-Պարոն Թորոսյան, աղմկահարույց օրինագծերից մեկը Վրաստանի քաղաքացիների համար վրացական պետհամարանիշով մեքենաներով ՀՀ տարածքում մնալու վերաբերյալ սահմանափակումներն էին: Սահմանափակվեց վրացական պետհամարանիշով մեքենաների ՀՀ-ում մնալու ժամկետը անգամ Վրաստանի քաղաքացիների համար: Ի՞նչ արվեց, որ այս օրենքը չընդունվի կամ գոնե վերանայվի ընդունվելուց հետո:
-Ես խորհրդարանում անողոք պայքար սկսեցի, և քննադատեցի կառավարությանը, սակայն օրենքն, այնուամենայնիվ, ընդունվեց: Սակայն, եթե ազնիվ լինեք, պետք է ընդունենք, որ եթե մարդը բնակվում է Հայաստանում տարվա մեջ վեց ամսից ավելի, ապա այլևս համարվում է Հայաստանի բնակիչ՝ ռեզիդենտ: Մեր պայքարի արդյունքում, սակայն, օրենքը մասամբ մեղմվեց, ըստ որի Վրաստանի քաղաքացին իրավունք ունի մեքենայով անընդհատ լինելու Հայաստանում, պարզապես ամիսը մեկ պետք է սահմանը հատի: Այլ տարբերակ էլ կա, եթե ՀՀ ՊԵԿ-ին հիմնավոր նամակ է ներկայացվում, ապա Վրաստանի քաղաքացին իրավունք ունի վրացական պետհամարանիշի մեքենայով վեց ամիս ժամկետով մնալ Հայաստանում և չհատել սահմանը, բայց միայն մեկ պայմանով․ այդ վեց ամսվա ընթացքում թեկուզ մեկ անգամ չպետք է հատի սահմանը:
-Ի՞նչ օրենսդրական նախաձեռնության կա, որը կցանկանայիք կյանքի կոչել,կամ որը փորձել եք ու չի ընդունվել վերջին հինգ տարում:
-ՀՀ Կենսաթոշակների մասին օրենքում փոփոխություններ ու լրացումներ կատարելու նախաձեռնությամբ հանդես եկա: Նախագծով առաջարկվում էր նախկին ԱՊՀ տարածքից ՀՀ քաղաքացիություն ստացած այն անձինք, ովքեր ՀՀ սահմաններից դուրս աշխատել են հայապահպանության ոլորտում նրանց աշխատանքային ստաժը ևս ճանաչվի և ըստ այդմ բարձր կենսաթոշակ ստանան։ Սա է եղել իմ առաջարկը: Կառավարությունը գրեթե ընդունել էր, սակայն վերջին պահին մերժվեց: Եթե իմ օրենսդրական գործունեությունը շարունակվի, ապա ես անպայման կփորձեմ կյանքի կոչել այս նախագիծը, ինչպես նաև Ձեր կողմից նշված առողջապահության ոլորտին առնչվող փոփոխությունը, նաև այն խնդիրները, որոնք կձևավորվեն հանրային պահանջի արդյունքում:










