«ՀԺԿ-ն ՀԱԿ-ի հետ ընտրությունների գնալու որոշում դեռ չունի». կայացել է ՀԺԿ 9-րդ համագումարը
Այսօր կայացած Հայաստանի ժողովրդական կուսակցության 9-րդ համագումարում կուսակցության ղեկավար է վերընտրվել Ստեփան Դեմիրճյանը:
ՀԺԿ փոխնախագահ Գրիգոր Հարությունյանը Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ համագումարում առաջարկություններ են հնչել, որ ՀԺԿ-ն պետք է մասնակցի ընտրություններին և մաքսիմալ մեծ դաշինքով, որ «իշխանական այս ընտրակեղծարարության մեքենայի դեմը հնարավոր լինի առնել»։
Թե կոնկրետ որ դաշինքին նկատի ունի, ՀԺԿ փոխնախագահը չասաց. «Կոնկրետ որևէ բան չենք կարող ասել այս պահին, բայց պրոցեսները ցույց կտան, թե որ տարբերակը ճիշտ կլինի: Ձևաչափի մասին որոշում այսօր չկա, համագումարի տրամադրությունները հետևյալն են՝ մաքսիմալ ընդլայնված, համախմբված մեծ դաշինքով մասնակցել ընտրությունների, որ իշխանական ընտրակեղծարարության մեքենայի դեմը հնարավոր լինի առնել»:
Tert.am-ի հարցին, թե ՀԺԿ-ն որոշում ունի՞ «Հայ ազգային կոնգրեսի» հետ ընտրության գնալու, ՀԺԿ փոխնախագահը բացասական պատասխան տվեց. «ՀԱԿ-ի հետ գնալու որոշում դեռ չկա»:
Գրիգոր Հարությունյանը պնդեց, որ Ստեփան Դեմիրճյանին որևէ դաշինքի ցուցակում տեղեր չեն առաջարկել, դա ապատեղեկատվություն է:










