Բաքվի ռազմական բյուջեն իրականում նվազել է՝ հաշվի առնելով մանաթի արժեզրկումը, իսկ ներկայացվողը քարոզչություն է. փորձագետ

20:16 • 20.01.17

Եթե այս տարվա Ադրբեջանի ռազմական բյուջեն համեմատենք նախորդ տարվա բյուջեի հետ, մանաթով շատ կթվա, բայց հաշվի առնելով, որ ադրբեջանական փոխարժեքն արժեզրկվել է՝ կնկատենք, որ երկու տարիների ռազմական բյուջեների միջև գրեթե տարբերություն չկա: Tert.am-ի հետ զրույցում անդրադառնալով այն քննարկումներին, որ Ադրբեջանը շարունակում է իր ռազմական բյուջեն մեծացնել՝ հակադարձեց ռազմական փորձագետ Տարոն Հովհաննիսյանը:

«Երբ նախորդ տարի սեպտեմբերին ներկայացվում էր 2017 թվականի բյուջեն, այդ ժամանակ իրենց փոխարժեքով մոտավորապես նախորդ տարվա համեմատ 10 միլիոն դոլարով ավելի էր, ներկայիս փոխարժեքով նույնիսկ նույնքան ավելի քիչ է, քան 2016-ին»,- ասաց նա:

Հիմա արդեն լրատվամիջոցներով տարածվում է տեղեկատվություն, որ Ադրբեջանի ռազմական բյուջեն 2.9 միլիարդ մանաթ է կազմում:

«Իրականում միայն ռազմական բյուջեն մոտավորապես 2․6 միլիարդ մանաթ է: Բայց եթե արդարացի լինենք, այստեղ ներառված չեն ներքին զորքերը, որոնք Ներքին գործերի նախարարության կազմում են, այլ ենթակետով են հատկացումներն այդ զորքերին ուղղվում, բայց ամեն դեպքում այդ զորքերը ևս ռազմական կառույց են, այդ զորքերն էլ հաշվի առնելով պետք է գնահատենք այդ երկրի ռազմական բյուջեն»,- նկատեց Տարոն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ պետք չէ անընդհատ համեմատություններ անցկացնել տարիների ռազմական բյուջեների միջև: Նա շեշտեց, որ Ադրբեջանի տարբեր տարիների ռազմական բյուջեն պետք է գնահատել ոչ թե իրենց փոխարժեքով՝ մանաթով, որն անընդհատ արժեզրկվում է, այլ դոլարով, որով էլ հիմնականում ռազմատեխնիկան ձեռք է բերվում. իրենց թվերով ներկայացվածը քարոզչություն է:

Անդրադառնալով ռազմական համագործակցություններին և զինամթերք գնելուն՝ Տարոն Հովհաննիսյանը նշեց, որ չնայած հստակ տվյալներ դեռ չկան, բայց հաշվի առնելով եղած հայտարարությունները՝ կարող ենք ասել, որ խոսվում է նաև Ադրբեջանի՝ Պակիստանից, Իսրայելից զինտեխնիկա ձեռք բերելու մասին:

«Ալիևը հայտարարել է նաև Ռուսաստանի հետ նոր պայմանագրերի շուրջ բանակցության մասին: Հստակ չենք կարող ասել, թե դրանցից որը կիրականանա, բայց մենք պետք է մեզ համար հստակ մատնանշենք, որ Ադրբեջանը շարունակում է ամեն դեպքում զարգացնել իր ռազմական պոտենցիալը, շարունակում է սպառազինություն ձեռք բերելը, բայց չպետք է չափազանցնենք այդ տվյալները»,- ասաց նա:

Ռազմական փորձագետը նշեց, որ անգամ պակասած ռազմական բյուջեն վտանգներ է ներկայացնում: Նա դժվարացավ ասել, թե զինուժի համալրումն Ադրբեջանին մղելու է պատերազմի, թե՝ ոչ:

«Մինչ այս Ադրբեջանը ձեռք էր բերում զինամթերք, որից ինքն արդեն ուներ: Մենք նկատում ենք, որ ռազմական բյուջեն ըստ անհրաժեշտության չէր ծախսվում, դա արվում էր քարոզչական նպատակներով: Եթե նրանք ունեին սպառազինություն գրեթե նույն հնարավորությամբ, նույն սպառազինությունից այլ երկրից գնելը կիրառական որևէ անհրաժեշտություն չէր կարող ունենալ: Դա ավելի շատ քարոզչական, հոգեբանական նշանակություն ուներ»,- ասաց նա:

Նրա խոսքով՝ դժվար է կանխատեսել՝ Ադրբեջանը պատերազմի՞ է պատրաստվում, թե ոչ: «Այստեղ նորություններ չկան: 7-8 տարվա ընթացքում Ադրբեջանը սպառազինություն է ձեռք բերում, ինչպես և մենք։ Վերջին երկու տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսական ճգնաժամն անդրադարձել է նաև ռազմական ոլորտի վրա: Ռազմական բյուջեն այնտեղ փորձում են ավելացնել ի հաշիվ այլ ոլորտների, ինչը կարող հանգցնել տնտեսական ավելի բարդ խնդիրների»,- նշեց նա: