Մեքսիկայից ԱՄՆ արտահանձնված նարկոբարոն «Թզուկը» դատարանում չի ընդունել իր մեղքը
Մեքսիկացի նարկոբարոն Խոակին Գուսման Լոերան, որն առավել շատ հայտնի է Էլ Չապո («Թզուկ») մականունով, հրաժարվել է ընդունել իր մեղքը Բրուքլինի դատարանում:
Ինչպես նշում է Reuters-ը, նարկոբարոնը հայտարարել է, որ մինչև հիմա չի հասկանում, թե ինչի համար են իրեն մեղադրում:
Աղբյուրը մանրամասնում է, որ դատարանն ունի ավելի քան 40 վկա, որոնք պատրաստ են վկայություն տալ Էլ Չապոյի դեմ, ում դատավարությունը, ըստ ոլորտի մասնագետների, շատ երկար կտևի:
Հայտնի է, որ «Սինալոա» նարկոկարտելի ղեկավար եղած ժամանակ, Էլ Չապոն իրականացրել է կոկաինի, հերոինի, մետամֆետամինի վաճառքի՝ աշխարհում ամենամեծ օպերացիան:
Մեքսիկայի իշխանությունները ձերբակալել էին Գուսմանին 2014 թվականին և նրան տեղափոխել հատուկ պահպանվող «Ալտիպլանո» բանտ, որտեղ նա կես տարի անց փախուստի էր դիմել 1,5 կիլոմետրանոց թունել փորելով:
2016 թվականի հունվարին Գուսմանին կրկին ձերբակալել էին:
El Chapo-ն ամենավտանգավոր և հետախուզվող հանցագործներից մեկն է աշխարհում, ինչպես նաև պատմության մեջ ամենախոշոր նարկոդիլերներից մեկը:
Ամերիկյան իշխանությունները երկար ժամանակ ցանկանում էին նրա արտահանձնումը: ԱՄՆ-ում նրան մեղադրում են ոչ միայն թմրավաճառության, այլև սպանությունների համար:










