Զանգակատուն գյուղում կախված 17-ամյա աշակերտի գործով հարցաքննվել են նրա դասընկերները. ինքնասպանության պատճառն անհայտ է
Շաբաթ օրը Արարատի մարզի Զանգակատուն գյուղում ննջասենյակի ջեռուցման խողովակից կախված 17-ամյա աշակերտի՝ Արման Թադևոսյանի գործով հարցաքննվել են նրա դասընկերները, ուսուցիչը, դպրոցի տնօրենն ու հարազատները, սակայն ինքնասպանության որևէ պատճառ դեռ չի բացահայտվել:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Զանգակատուն գյուղի գյուղապետ Էմին Սահակյանը՝ հավելելով, որ գյուղում չեն պատկերացնում՝ ինչը կարող էր լինել աշակերտի նման արարքի պատճառը:
Հիշեցնենք, որ շաբաթ օրը կեսգիշերն անց Արմանի հայրը՝ Լևոն Թադևոսյանը ննջասենյակում հայտնաբերել էր 17-ամյա որդուն՝ ջեռուցման խողովակից կախված վիճակում: 17-ամյա Արման Թադևոսյանը գյուղի դպրոցի աշակերտ էր, սովորում էր 12-րդ դասարանում։
Գյուղապետ Էմին Սահակյանը Tert.am-ին նաև ասել է, որ Արմանը Զանգակատան միջնակարգ դպրոցում է սովորել մինչև 9-րդ դասարան, հետո տեղափոխվել է Մոնթե Մելքոնյանի անվան ռազմական վարժարան։ Երկու տարի անց՝ անցյալ աշնանը, կրկին վերադարձել է գյուղի դպրոց: Գյուղապետի խոսքով՝ Արմանի մայրն ու հայրը վաղուց ամուսնալուծված են։ Տղան ապրում է հոր ու տատիկի հետ, իսկ մայրը քրոջ հետ ապրում է Մասիս քաղաքում:
Նշենք, որ 17-ամյա Արման Թադևոսյանը որևէ գրություն չի թողել:










