Կրասնոդարում միկրոավտոբուսի վթարի հետևանքով տուժած ՀՀ քաղաքացիներից ևս մեկը դուրս է գրվել հիվանդանոցից
Երեկ Կրասնոդարում վթարի հետևանքով տուժած 9 ՀՀ քաղաքացիներից 4-ը հիվանդանոցից դուրս են գրվել անմիջապես երեկ, այսօր ևս մեկը տեղափոխվել է Ռոստով:
Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոցի վնասվածքաբանության բաժնի բժիշկ Մայսվիենկոն:
«Բոլորի վիճակը նորմալ է, վթարից տուժածներից ևս մեկն այսօր դուրս է գրվել հիվանդանոցից և գնացել է Ռոստով: Տուժածներից երեքը գտնվում են վնասվածքաբանության բաժնում, բոլորի վիճակը բավարար է, ՀՀ մեկ քաղաքացի էլ գտնվում է վիրաբուժության բաժնում»,- ասաց Մայսվիենկոն:
Ռուսաստանում ՀՀ ԱԻՆ ներկայացուցիչ, գնդապետ Արտակ Ղազարյանն էլ Tert.am-ի հետ զրույցում ասաց, որ փրկարարական աշխատանքներն ավարտվել են, վթարի հետ կապված այլ խնդիրներ չկան, իսկ հիվանդների բուժումը շարունակվում է Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոցում:
Հիշեցնենք, որ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող «Mercedez-Benz» մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել, որի հետևանքով տուժել էր իննը ՀՀ քաղաքացի՝ 1985 թ. ծնված Վ. Սահակյանը, 1960 թ. ծնված Մուշեղ Մանուկյանը, 1984 թ. ծնված Կարեն Հակոբյանը, 1987 թ. ծնված Մհեր Քոթանջյանը, 1988 թ. ծնված Դավիթ Քոթանջյանը, 1987 թ. ծնված Արսեն Պողոսյանը, 1992 թ. ծնված Գևորիկ Դալլաքյանը, 1987 թ. ծնված Գարիկ Կոստանդյանը և 1983 թ. ծնված Հերմինե Բեկթաշյանը:










