Ավստրալիայի Նոր Հարավային Ուելս նահանգի վարչապետ է դարձել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը

12:04 • 23.01.17

Ավստրալիայի ամենաշատ բնակչությունն ունեցող նահանգի՝ Նոր Հարավային Ուելսի 45-րդ վարչապետ է դարձել ավստրալահայ Գլեդիս Բերեջիկլյանը` միաձայն Լիբերալ կուսակցության առաջնորդ ընտրվելով հունվարի 23-ի առավոտյան տեղի ունեցած կուսակցական հանդիպման ժամանակ, հայտնում է Ավստրալիայի հանրային հեռարձակող կորպորացիան:


Նահանգի առաջնորդ ընտրվելուց հետո իր առաջին մամուլի ասուլիսում 46-ամյա Բերեջիկլյանը նշել է իր քաղաքականության առաջնահերթությունները և շնորհակալություն հայտնել իր ներգաղթյալ հայ ծնողներին:


Ինչպես հայտնում է ABC-ն, նոր վարչապետը հուզված է խոսել իր ստացած դաստիարակության մասին:


«Ես այս մասին շատ չեմ խոսել նախկինում, բայց հայրս մետաղագործ էր, և Սիդնեյում նրա արած առաջին աշխատանքներից մեկը Սիդնեյի օպերայի թատրոնի վրա աշխատելն էր, ինչը մեծ հպարտություն է իմ ընտանիքի համար: Մայրս դպրոցից դուրս է եկել 15 տարեկանում իր ընտանիքին օգնելու համար և բուժքույր է դարձել»,- պատմել է նա:


Գլեդիս Բերեջիկլյանը նշել է, որ ղեկավար է լինելու «բոլորի համար» և որպես իր քաղաքականության առաջնահերթություններ է նշել ենթակառուցվածքների բարելավումը, բնակարանային մատչելիությունը և ուժեղ տնտեսության կառուցումը:


Սիդնեյի ռադիոկայանին տված հարցազրույցում նա պատմել է, որ ծնվել է Սիդնեյում, բայց իր ծնողները նոր ժամանած ներգաղթյալներ են եղել, այդ պատճառով նրանք հայերեն են խոսել տանը, և դպրոց գնալիս նա անգլերեն չի իմացել:


«Ես հիշում եմ, թե ինչպես էր մայրս ասում ինձ. «Գլեդ, անգամ, եթե դու վստահ չես, թե ուսուցիչն ինչ է քեզանից հարցնում, ձեռքդ բարձրացրու և պատասխանիր»… Ես դա շատ լավ եմ հիշում, դա ինձ օգնել է առաջ գնալ իմ ամբողջ կյանքում»,- ասել է Գլեդիսը:


Ավստրալիայի հայ ազգային կոմիտեից Վաչե Քահրամանյանը նշել է, որ սա հիանալի օր է ամբողջ համայնքի համար:


«Գլեդիս Բերեջիկլյանը, որն անգլերեն գրեթե չիմացող Ավստրալիա ժամանած և Հայոց ցեղասպանությունը վերապրած ներգաղթյալների դուստրն է, այսօր հասել է Նոր Հարավային Ուելս նահանգում ամենաբարձր պաշտոնին, և սա արտակարգ և հպարտ ձեռքբերում է մեր համայնքի համար, ինչպես նաև հպարտ օր Նոր Հարավային Ուելսի համար»,- ասել է նա:


Ավստրալիայի հայ ազգային կոմիտեն նաև հայտարարությամբ է հանդես եկել՝ շնորհավորելով համայնքի անդամ Գլեդիս Բերեջիկլյանին նահանգի վարչապետ դառնալու կապակցությամբ:


Նշվում է, որ Հայոց ցեղասպանությունը վերապրածների 46-ամյա թոռնուհին դարձել է նաև Լիբերալ կուսակցությունը ներկայացնող առաջին կին վարչապետը և կղեկավարի 7,5 միլիոն բնակչություն ունեցող նահանգը մինչև 2019 թվականի հաջորդ ընտրությունները:


Ինչպես նշվում է հայտարարությունում, Բերեջիկլյանը ներգրավված է եղել հայ համայնքի շատ կազմակերպություններում դեռ երիտասարդ տարիներից, եղել է Հայ ազգային կոմիտեի խորհրդի անդամ: Նա կարևոր դեր է խաղացել հայ համայնքի մտահոգությունները խորհրդարանում ներկայացնելու հարցում և իրազեկել է խորհրդարանականներին կարևոր հարցերի վերաբերյալ, ինչպիսին է Հայոց ցեղասպանության ճանաչումը և Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը: