Կանադայում առաջարկել են հեշտացնել քաղաքացիություն ստանալու գործընթացը
Կանադայի խորհրդարան է ներկայացվել օրենքի նախագիծ, որը հեշտացնում է քաղաքացիություն ստանալու գործընթացը, հայտնում է RT-ն:
Այդ առաջարկով հանդես է եկել Նոր դեմոկրատական կուսակցության պատգամավոր Ջենի Կուանը: Նա ներկայացրել է անձնագիր տրամադրելու գործընթացի հեշտացման մասին օրենքի նախագիծը բոլոր նրանց, ում ծնողները կամ հեռավոր բարեկամները Կանադայի քաղաքացիներ են:
«Մեր երկիրը կառուցվել է եկվորների ձեռքերով, և այդ պատճառով մենք պետք է մեծացնենք ներգաղթի մակարդակը»,- հայտարարել է Կուանը:
Նրա խոսքով՝ 2017 թվականին կանադական կառավարությունը մտադիր է երկիր ընդունել 300 հազար ներգաղթյալի, իսկ տնտեսական աճի հարցերով խորհուրդն արդեն կոչ է անում իշխանություններին այդ թիվը հասցնել 450 հազարի:
Եթե առաջարկվող փոփոխություններն ուժի մեջ մտնեն, կանադական անձնագիր կկարողանա ստանալ ցանկացած մեկը, որը կապացուցի Կանադայի քաղաքացու հետ իր բարեկամությունը: Հաշվի կառնվեն նաև հեռավոր բարեկամները:
Բացի այդ, Կուանը նաև առաջարկել է վերացնել քաղաքացիություն ստանալու համար անհրաժեշտ անգլերենի և ֆրանսերենի իմացության թեստավորումը:










