Սիչուանում չինացի պաշտոնյան, վրեժից դրդված, կրակ է բացել այլ պաշտոնյաների վրա
Չինաստանի Սիչուան նահանգի Պանչժիհուա քաղաքում պաշտոնյան վրեժի պատճառով կրակ է բացել քաղաքապետի և կուսակցական կոմիտեի քարտուղարի ուղղությամբ անմիջապես պաշտոնական հանդիպման ժամանակ: Այդ մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով չինական ԶԼՄ-ներին:
Դեպքը տեղի է ունեցել հունվարի սկզբին. Պանչժիհուա քաղաքի հողօգտագործման և բնական ռեսուրսների վարչության ղեկավար Չեն Չժունշուն ներխուժել է տեղի ցուցահանդեսային կենտրոններից մեկը, որտեղ անցկացվում էր հանդիպումը, և կրակ բացել քաղաքապետ Լի Ցզյանցինյուի և Կոմունիստական կուսակցության քաղաքային կոմիտեի քարտուղար Չժան Յանյուի ուղղությամբ՝ վիրավորելով երկուսին: Հարձակումից հետո պաշտոնյան ինքնասպան է եղել:
Ինչպես հայտնել են քննիչները, Չեն Չժունշուի մոտ ատելություն և խուճապ է առաջացրել նրա նկատմամբ սկսված հակակոռուպցիոն հետաքննությունը, և նա, վրեժից դրդված, հարձակում է գործել:
2016 թվականի հոկտեմբերին քաղաքի դատախազությունը պարզել էր, որ պաշտոնյան անցնում է հակակոռուպցիոն հետաքննության գործով: Հետագա ստուգումները ցույց էին տվել, որ նա կասկածվում է նաև «օրենքի և կուսակցական կարգապահության լուրջ խախտումների համար»: Նրա գործը կարգապահության ստուգման հարցերով քաղաքային հանձնաժողովին էր փոխանցվել հարձակումից մեկ օր առաջ:










