Չինաստանում հայտարարել են «բեյբի-բումի» մեկնարկի մասին
Չինաստանում ծնելիությունն ավելացել է մինչև 2000 թվականից ի վեր առավելագույն ցուցանիշի: Այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով կառավարական պաշտոնյայի:
2016 թվականին Չինաստանում ծնվել է 17,6 միլիոն երեխա, մինչդեռ 2011-2015 թվականներին՝ տարեկան 1,4 միլիոնով պակաս:
Դրական դինամիկան բացատրվում է օրենսդրությունում 2015 թվականին սահմանված փոփոխություններով, որոնց համաձայն չինական ընտանիքներին 2016 թվականի հունվարի 1-ից թույլատրվել է 2 երեխա ունենալ:
«Մինչ վերարտադրողական տարիքի կանանց թիվը նվազել է հինգ միլիոնով, ծնունդների թիվը զգալիորեն ավելացել է՝ դրանով ցուցադրելով, որ ընտանիքի պլանավորման ոլորտում քաղաքականության փոփոխությունը ճիշտ ժամանակին է արվել»,- նշել է Չինաստանի առողջապահության և ընտանիքի պլանավորման հարցերով ազգայն հանձնաժողովի ղեկավարներից Յան Վենչժուանը:
Նրա խոսքով՝ մինչև 2020 թվականը կանխատեսվում է վերարտադրողական տարիքի կանանց թվի տարեկան հինգ միլիոնով կրճատում, սակայն Չինաստանը հույս ունի պահպանել ծնելիությունը տարեկան 17-20 միլիոն երեխայի մակարդակում:










