Թույլ տվեք նրան մանուկ լինել. Քլինթոնների դուստրը պաշտպանել է Թրամփի որդուն (տեսանյութեր)
ԱՄՆ նախկին նախագահ Բիլ Քլինթոնի և նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնի դուստրը՝ Չելսին, հրապարակայնորեն պաշտպանել է Միացյալ Նահանգների նորընտիր ղեկավար Դոնալդ Թրամփի կրտսեր որդուն՝ 10-ամյա Բարոնին:
Ինչպես նշում է The Daily Mail-ը, համացանցի բազմաթիվ օգտատերեր Թրամփի երդմնակալությունից հետո սկսել են ծաղրել տղային՝ պնդելով, թե կրտսեր Թրամփն իրեն տարօրինակ է պահել երդմնակալության արարողության ժամանակ: Բացի այդ, ոմանք ենթադրել են, որ 10-ամյա երեխան կարող է աուտիզմով հիվանդ լինել: Նրանց համար կասկածելի էր թվացել տղայի անընդհատ հորանջող ու «բացակա» հայացքով դեմքը:
Մինչդեռ Չելսի Քլինթոնն իր պաշտոնական ֆեյսբուքյան էջում նշել է, որ Բարոնն ուղղակի երեխա է:
«Բարոն Թրամփը, ինչպես և յուրաքանչյուր այլ երեխա, ունի մանուկ լինելու իրավունք: Ես կանգնած եմ յուրաքանչյուր երեխայի կողքին, ու դեմ եմ ԱՄՆ նախագահի վարած քաղաքականության այն հատվածներին, որոնք չեն բխում երեխաների շահերից»,-գրել է Չելսի Քլինթոնը:
Նշենք, որ համացանցի օգտատերերն անհեթեթ էին որակել տեսանյութը, որում 10-ամյա տղան, հոր հետևում կանգնած, խաղում է քրոջ նորածին որդու հետ: Մինչդեռ առաջին տիկին Մելանյա Թրամփն ավելի վաղ սպառնացել էր դատի տալ մի բլոգերի, որը հայտարարել էր, որ նրա որդին աուտիզմով է տառապում:










