Երևանում ոստիկանության օպերլիազորը վրաերթի է ենթարկել 3 ուսանողի. shamshyan.com
Երևան քաղաքի բնակիչ, 27-ամյա Ալբերտ Հովսեփյանը հունվարի 21-ին, ժամը 22։00-ին Երևանի Մաշտոցի պողոտայի և Մոսկովյան փողոցի խաչմերուկում իր վարած Mercedes մակնիշի 29 ՍԼ 246 համարանիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտներ՝ Երևանի բնակիչներ, 20-ամյա Վահե Թաթոսյանին, 21-ամյա Դիանա Իոանեսյանին և 21-ամյա Անժելա Գասպարյանին։
Այս մասին հայտնում է shamshyan.com կայքը։
Աղբյուրի տեղեկություններով՝ վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է 1-03 շտապօգնություն, օգնել է վրաերթի ենթարկվածներին տեղափոխել թիվ 1 համալսարանական հիվանդանոց, այնուհետև դեպքի մասին ահազանգել է ոստիկանության Երևան քաղաքի վարչության և Ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոններ։
Վարորդ Ա. Հովսեփյանն աշխատում է ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ոստիկանության Արաբկիրի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքում՝ որպես օպերլիազոր, իսկ վրաերթի ենթարկվածներ Վ. Թաթոսյանն ու Ա. Գասպարյանը սովորում են Հայ-ամերիկյան համալսարանում, իսկ Դ. Իոանեսյանը սովորում է Ճարտարապետաշինարարական համալսարանում։










