Թուրք սյունակագիրը բացահայտում է Սայաթ-Նովայի ու ադրբեջանցիների կողմից գողացված հայկական երգերի մասին ադրբեջանական ստերը

15:48 • 23.01.17

Թուրքական «Էվրենսել» պարբերականն անդրադարձել է թուրքական մշակույթում կարևոր տեղ զբաղեցրած երաժշտական ստեղծագործություններին, որոնց արմատներն իրականում հարկավոր է փնտրել այլ, իսկ ավելի հստակ` հարևան ազգերի մշակույթներում: 

«Որն է որպես «թշնամի» հայտարարված ազգերի ազգային մշակույթը, երգերը յուրացնելու ետևում ընկած մոտիվացիան», - հռետորական այս հարցով է սկսել իր ուշագրավ հոդվածը թուրք սյունակագիր Հայրի Թունչը: 

Նա նաև մի շարք ստեղծագործությունների կողքին անդրադարձել է թուրքական հայրենասիրական «Ալեկոծվում էր Սև ծովը» երգին, որը Թուրքիայում ընդունված է համարել ադրբեջանցի բանաստեղծ Ահմեդ Ջևաթի ստեղծագործությունը՝ գրված 1914թ.-ին: Ստեղծագործությունը տպագիր տարբերակով առաջին անգամ տարածվել է 1919թ.-ին:

Մինչդեռ այս ստեղծագործության գրավոր ձեռագրերը Թուրքիայում այդպես էլ չհանվեցին արխիվներից և ի ցույց չդրվեցին հասարակությանը: Շատերը պնդում են, թե այդ ձեռագրերը միտումնավոր այրել են հայերը, մեկ այլ վարկածով ձեռագրերը ոչնչացվել են բոլշևիկների կողմից այն բանից հետո, երբ Ահմեդ Ջևաթը մահվան դատապարտվեց Խորհրդային միությունում: 

Սակայն, ինչպես գրում է Թունչը, «Ալեկոծվող Սև ծովի» անհետացած ձեռագրերի գաղտնիքն այն է, որ իրականում այն ոչ թե ադրբեջանցի բանաստեղծի, այլ հայ աշուղ Սայաթ-Նովայի ստեղծագործությունն է: «Ալեկոծվում էր Սև ծովը» երգի երաժշտությունը գրեթե նույնությամբ համընկնում է Սայաթ- Նովայի «Քամանչա» ստեղծագործության նոտաների հետ: 

Ի դեպ, ի հեճուկս ադրբեջանցի հարևանների, որոնք Սայաթ-Նովային նույնպես ադրբեջանցի են համարում, թուրք սյունակագիր Թունչը Սայաթ-Նովային հայ գուսան է անվանում: 

Թուրք սյունակագիրը բացահայտում է Սայաթ-Նովայի ու ադրբեջանցիների կողմից գողացված հայկական երգերի մասին ադրբեջանական ստերը