Հայազգի հայտնի խոհարարը դատական վեճի մեջ է Թրամփի հետ

14:03 • 23.01.17

ԱՄՆ-ում հայտնի խոհարար Ջեֆրի Զաքարյանն առաջին հայն է, ով դատական վեճ ունի ԱՄՆ գործող նախագահի՝ Դոնալդ Թրամփի հետ:

Այս մասին տեղեկատվություն ամերիկյան լրատվամիջոցներով տարածվել է դեռ ամիսներ առաջ՝ ԱՄՆ նախագահական ընտրությունների քարոզարշավի ընթացքում:

Թրամփը դատական հայց է ներկայացրել հայազգի խոհարարի դեմ իր հետ կնքած պայմանագիրը չկատարելու համար:  

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ նախագահի դեռ այն ժամանակ թեկնածու Թրամփը Վաշինգտոնում իր հայտնի հյուրանոցը բացելիս պայմանագիր էր կնքել Ջեֆրի Զաքարյանի հետ, որպեսզի նա ստանձներ իր հյուրանոցի ռեստորանի կառավարումը: Սակայն որոշ ժամանակ հետո Զաքարյանը հրաժարվել էր գործարքից, Թրամփի՝ մեքսիկացի փախստականների դեմ հնչեցված հայտարարություններից հետո։ Նշենք, որ թեկնածուն քարոզարշավի ժամանակ մեքսիկացիներին մեղադրել էլ բռնաբարության, թմրանյութերի, և հանցավորության հետ կապված գործունեության մեջ: Ջեֆրի Զաքարյանից հետո Դոնալդ Թրամփը նրա գործընկեր Հոզե Անդրեսին նույնպես նույն պատճառով դատի է տվել:

Խոհարարների որոշումը զարմանք է առաջացրել Թրամփի մոտ։ «Ես չեմ հասկանում, թե ինչու նրանք նման բան արեցին»,- ասել է նա:

Նշենք, որ Ջեֆ Զաքարյանն էլ իր հերթին հակընդդեմ հայցով դիմել է դատարան։