Ֆրանսիական կինոակադեմիան հայտարարել է «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին
Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիան հայտարարել է «Սեզար» կինոմրցանակի հավակնորդներին:
Ինչպես հայտնում է ТАСС գործակալությունը, ֆրանսիական գլխավոր ազգային կինոմրցանակի համար «Լավագույն կինոնկար» անվանակարգում կպայքարեն «Աստվածայինները», «Նա», «Ֆրանց», «Անաղարտները», «Սիրո պատրանք» ֆիլմերը:
Պոլ Վերխովենի «Նա» և Ֆրանսուա Օզոնի «Ֆրանց» ֆիլմերը ներկայացվել են 11 անվանակարգերում:
«Սեզար» կինոմրցանակը, որը հաճախ անվանում են «ֆրանսիական Օսկար» Ֆրանսիայի Տեխնիկայի և կինեմատոգրաֆիական արվեստի ակադեմիան հանձնում է 1976 թվականից սկսած: Այն իր անվանումն ստացել է քանդակագործ Սեզար Բալդաչինիի անունից, որը պատրաստել է մրցանակ-արձանիկները:
Քվեարկությանը մասնակցում են կինոյի արվեստի ավելի քան 3500 պրոֆեսիոնալ ներկայացուցիչներ` ռեժիսորներ, դերասաններ, սցենարիստներ, պրոդյուսերներ և այլ մասնագետներ:
Այս տարի մրցանակաբաշխությունը տեղի կունենա Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում փետրվարի 24-ին:










