Մայքլ Ջեքսոնի դուստրը վստահ է, որ նրա հորը սպանել են

17:38 • 25.01.17

Փոփ աստղ Մայքլ Ջեքսոնի միակ դուստրը կարծում է, որ նրա հայրը սպանվել է, այլ ոչ թե մահացել ցավազրկողների գերդոզավորումից, ինչպես նշված է պաշտոնական վարկածում, գրում է BBC-ի ռուսական ծառայությունը:


Rolling Stone ամսագրին տված հարցազրույցում 18-ամյա Փերիս Ջեքսոնն ասել է, որ նա վստահ է, որ նրա հոր մահը «կազմակերպված է եղել»:


Պաշտոնական վարկածի համաձայն՝ Ջեքսոնը մահացել է 2009 թվականի հունիսի 25-ին պրոպոֆոլ ուժեղ ցավազրկողի գերդոզավորումից:


Ջեքսոնի բժիշկ Քոնրադ Մյուրեյը 2011 թվականին դատապարտվել է չորս տարվա ազատազրկման ոչ կանխամտածված սպանության համար, բայց վաղաժամ ազատ է արձակվել՝ ճաղերի հետևում անցկացնելով միայն նշանակված ժամկետի կեսը:


Մյուրեի պաշտպանությունը պնդում էր, որ Ջեքսոնը կախվածություն է ունեցել պրոպոֆոլից և ինքնուրույն ընդունել է դեղի չափազանց մեծ քանակ՝ բժշկի բացակայությամբ:


Փերիս Ջեքսոնի խոսքով, որը հոր մահվան ժամանակ 11 տարեկան է եղել, հասարակությունը գիտի միայն պատմության մի մասը: Նրա խոսքով՝ հայրն ակնարկում էր, որ նրան կարող է մեկը սպանել:


«Նա երբեմն ասում էր՝ մի օր նրանք ինձ կսպանեն»,- պատմել է փոփ աստղի դուստրը:


Լրագրողի հարցին, թե արդյոք նա վստա՞հ է, որ նրա հայրը սպանվել է, Փերիս Ջեքսոնն ասել է. «Միանշանակ»:


«Որովհետև ակնհայտ է, ամեն ինչ այդ մասին է վկայում: Դա դավադրության տեսության պես է հնչում… Բայց իսկական երկրպագուները և ընտանիքի բոլոր անդամները գիտեն այդ մասին»,- ասել է նա:

Մայքլ Ջեքսոնի դուստրը վստահ է, որ նրա հորը սպանել են