Ցուկերբերգը հերքել է տարիներ անց նախագահի պաշտոնում առաջադրվելու մասին լուրերը
Աշխարհի խոշորագույն Facebook սոցկայքի համահիմնադիր և գործադիր տնօրեն Մարկ Ցուկերբերգը BuzzFeed News-ի հետ զրույցում հերքել է վերջին շրջանում որոշ լրատվամիջոցների կողմից շրջանառվող տեղեկություններն առ այն, որ ինքը պատրաստվում է որպես թեկնածու մասնակցել հաջորդ նախագահական ընտրություններին:
«Ո՛չ, նման ծրագրեր չունեմ»,- հստակ պատասխանել է միլիարդատերը՝ մանրամասնելով, որ փոխարենը մտադիր է կենտրոնանալ Facebook-ի զարգացման, ինչպես նաև բարեգործական գործունեության վրա:
Աղբյուրը մանրամասնում է, որ Ցուկերբերգի հնարավոր առաջադրման մասին խոսակցությունները սկսվեցին Bloomberg-ի կողմից մի շարք փաստաթղթերի հրապարակումից հետո: Ըստ դրանց՝ Ցուկերբերգն օրենքի ներկայացուցիչների հետ քննարկել էր, թե արդյոք ինքը կարող է շարունակել կառավարել Facebook-ը հանրային բարձր պաշտոն զբաղեցնելու դեպքում:










