Ջորջ Մայքլի հարազատները չեն կարողանում հուղարկավորել 1 ամիս առաջ մահացած աստղին
Բրիտանացի հայտնի փոփ երաժիշտ Ջորջ Մայքլի ընտանիքի անդամները դեռևս չեն հուղարկավորել դեկտեմբերի 25-ին մահացած աստղին, քանի որ նրա դին դեռևս չի հանվել դիահերձարանից:
Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը՝ մանրամասնելով, որ մասնագետները սպասում են թունագիտական փորձաքննության արդյունքներին՝ պարզելու համար, թե արդյոք 53-ամյա աստղի մահվան պատճառ կարող էր լինել թմրանյութերի չարաշահումը:
Պարբերականը հիշեցնում է, որ Մայքլի մահից հետո լրատվամիջոցներում տեղեկություններ հայտնվեցին առ այն, որ կյանքի վերջին ամիսներին երգիչը թմրանյութային և ալկոհոլային կախվածություն է ունեցել:
Նշենք, որ Մայքլը կյանքից հեռացել է Սուրբ Ծննդի առավոտյան՝ Օքսֆորդշիրի իր առանձնատանը: Ինչ վերաբերում է նրա բազմամիլիոնանոց ժառանգությանը, ապա այն, ըստ ամենայնի, կբաշխվի աստղի հարազատների և սանիկների միջև:










