Samsung Galaxy S8-ի լուսանկարները հայտնվել են համացանցում
Հարավկորեական Samsung տեխնոլոգիական ընկերությունը պատրաստվում է գարնանը պաշտոնապես ներկայացնել նոր սերնդի Galaxy S8 սմարթֆոնը, որի լուսանկարներն արդեն արտահոսել են համացանց:
Ինչպես նշում է korrespondent.net-ը, սարքի առաջին լուսանկարները հրապարակվել են VentureBeat էջում, որտեղ կից ներկայացվել են դրա տեխնիկական բնութագրի վերաբերյալ տեղեկություններ:
Ըստ այդմ՝ հեռախոսը ներկայացվելու է 2 տարբերակով: Առաջինը կունենա 5.8 դյույմ, իսկ մյուսը՝ 6.2 դյույմ անկյունագծով էկրան: Նորույթի առանձնահատկություններից մեկը կլինի Home գլխավոր, ինչպես նաև նախորդ սերնդի Galaxy սմարթֆոնի ունեցած կողային սենսորային կոճակների բացակայությունը: Հեռախոսը համալրված կլինի 12 և 8 մեգապիքսելանոց առջևի և հետևի տեսախցիկներով, 4 Գբ օպերատիվ և 64 Գբ ներկառուցված հիշողությամբ, microSD քարտով, ինչպես նաև Bixby ձայնային օգնականի ծառայությամբ:
Ենթադրվում է, որ սարքերի գինը, կախված էկրանի չափից, կլինի 799 և 899 եվրո:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր Tert.am-ը, Samsung Galaxy S8-ը կարող է դառնալ երբևէ ստեղծված ամենաարագ աշխատող Android-սմարթֆոնը:
Samsung ընկերությունը գործարք է կնքել բջջային պրոցեսորների արտադրությամբ զբաղվող Qualcomm-ի հետ՝ նոր Samsung Galaxy S8 հեռախոսներում ընկերության ամենահզոր Snapdragon 835 պրոցեսորներն օգտագործելու համար: Աղբյուրը մանրամասնում է, որ Snapdragon 835-ն առ այսօր ստեղծված ամենահզոր բջջային պրոցեսորն է, ուստի՝ դրա օգտագործումն ավտոմատ կերպով հեռախոսը կդարձնի ամենաարագ աշխատողը:
Snapdragon 835-ի օգտագործման դեպքում Galaxy S8-ը կկարողանա հեշտությամբ շատ մեծ քանակությամբ գործողություններ կատարել, ինչպես նաև 20%-ով ավելի արագ լիցքավորվել:










