Զինկոմիսարիատում զինվորի զինգրքույկում սպիտակ ներկով ջնջել են ապրիլյան գործողություններին մասնակցելու հատվածը. վերջինս բողոքում է

20:02 • 27.01.17

Tert.am-ի խմբագրություն է դիմել հունվարի 17-ին զորացրված Հայկ Գինովյանը՝ բողոքելով, որ զորացրվելու ժամանակ իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջվել է հատվածն այն մասին, որ ինքը ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին:

Հայկը Tert.am-ի խմբագրություն է ներկայացրել իր ու նույն զորամասում ծառայած ընկերոջ զինգրքույկների լուսակարները: Իր զինգրքույկում սպիտակ ներկով ջնջված է ապրիլյան պատերազմին մասնակցելու հատվածը, իսկ ընկերոջ զինգրքույկում պարզ երևում է, որ նախ գրվել է, որ զինվորը մասնակցել է ապրիլյան պատերազմին, հետո վրան կարմիր գրիչով գրվել է՝ անվավեր:  


«Զինվորական ծառայության եմ գնացել 2015-ի հունվարի 15-ին: Ծառայել եմ ԼՂՀ Մարտունու շրջանում՝ ականանետային մարտկոցում: Ապրիլյան պատերազմի առաջին օրվանից մասնակցել եմ մեր պաշտպանական շրջանի սահմաններում: Ես հրետանավոր եմ, ապրիլյան պատերազմի հետ առաջին օրվանից մեր մարտկոցը մասնակցել է մարտական գործողություններին, բարձրացել ենք դիրքեր, հրետանուց կրակ է գնացել թշնամու ուղղությամբ, ապրիլի 3-ին, 4-ին ականանետերով սկսել ենք կրակել, դրանից հետո մոտ 3 ամիս դիրքերում ենք ծառայել: Ապրիլի 2-ից հունիսի 12-ը դիրքերում ենք եղել»,- պատմեց նախկին զինվորը:

Զորացրված զինվորը պատմում է, որ իր զինվորական գրքույկում նախ գրել են, որ նա ապրիլյան պատերազմի ժամանակ մասնակցել է մարտական գործողություններին, հետո՝ զորացրվելու ժամանակ, սպիտակ ներկով ջնջել են այդ հատվածը և համարել անվավեր:

Ընդ որում՝ Մարտունիում նույն մարտկոցից ամռանը 7-8 զորացրվածների գրքույկներում հաստատել են, որ նրանք մասնակցել են մարտական գործողություններին, իսկ իրենց զորացրելու ժամանակ պահանջել են գրքույկները ու ներկով ջնջել այն հատվածը, որ իրենք նույնպես մասնակցել են մարտական գործողություններին:

«Մեր զորակոչի զորացրվելու ժամանակ բոլոր 5-իս գրքույկներում գրվեց, որ մարտական գործողություններին մասնակցելու առթիվ գրառումն անվավեր է»,- ասաց զինվորը: Ասել է թե՝ ստացվում է՝ միասին ծառայած նույն մարտկոցի 22 զինվորների մի մասը մասնակցել է ապրիլյան պատերազմին, մյուսի մասի մասնակցությունն անվավեր է ճանաչվել:  

«Մեր զորակոչից միասին զորացրվել ենք 5 հոգով այդ մարտկոցից, 5-իս մասնակցությունն էլ մարտական գործողություններին անվավեր է ճանաչվել:

Մեզ չեն պատճառաբանել, թե ինչու են նման կերպ վարվել: Ուղղակի անվավեր են ճանաչել զորացրվելու ժամանակ: Իմ գրքույկում միայն գրված է, որ ես իրականացրել են մարտական հերթապահություն, իսկ մարտական գործողություններին իմ մասնակցությունը չի հաստատվել: Այսինքն՝ ստացվում է, որ մենք չենք մասնակցել քառօրյա պատերազմին, ինչը ճիշտ չէ և անարդար է, որովհետև ես ապրիլի 2-ից հունիսի 12-ը դիրքերում եմ եղել, ու մասնակցել եմ էդ ամեն ինչին»,- ասաց նախկին զինվորը:

Թեև նախկին զինվոր Հայկ Գինովյանը ուսանող է, չի կարծում, որ զեղչերից զրկելու համար են անվավեր ճանաչել իր մասնակցությունը ապրիլյան պատերազմին: «Շատ զինվորներ գիտեմ, որ մասնակցել են ու իրեն մասնակցությունն էլ են անվավեր ճանաչել, բայց նրանք ուսանող չեն»,- ասաց Հայկը:

Նշենք, որ ապրիլյան պատերազմին մասնակիցներին խոստացված արտոնությունն ուսման վարձի համար 50 տոկոս զեղչ սահմանելն է: Իսկ «Բարձրագույն և հետբուհական կրթության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի համաձայն՝ զորամասերում մարտական հերթապահության մեջ ընդգրկված պարտադիր ժամկետային զինծառայություն անցած ուսանողները՝ կախված առաջադիմությունից, կարող են օգտվել ուսման վարձավճարի միայն 30 տոկոս զեղչից։

ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը Tert.am-ին ասաց, որ դա մասնավոր դեպք է, և իրենք կպատասխանեն ուսումնասիրելուց հետո միայն: «Ընդհանրապես, նման դեպքեր նախորդ զորացրման ընթացքում եղել են արդեն: Ինչպես և նախորդ զորացրման դեպքում, բոլորն ուսումնասիրվում են, ովքեր մեզ դիմում են: Խնդիրն անհատական մոտեցում է պահանջում»,- ասաց Հովհաննիսյանը: