Սև հումորի հանդեպ սերը բնորոշ է խելացի մարդկանց. հետազոտություն

13:16 • 30.01.17

Գերմանացի գիտնականները պարզել են, որ սև հումորի հանդեպ սերը բնորոշ է բարձր ինտելեկտով մարդկանց: Համապատասխան հետազոտության արդյունքները հրապարակվել են Cognitive Processing ամսագրում:

Աշխատանքի նկարագրությունում նշվում է, որ հետազոտությանը մասնակցել է 156 չափահաս տղամարդ և կին: Մասնակիցներին առաջարկվել է գնահատել կոմիքսների գերմանացի հեղինակ Ուլի Շտայնի Das Schwarze Buch («Սև գիրք») հավաքածուն, որում տեղ գտած ծաղրանկարները նվիրված են մահվան, հիվանդությունների, խեղությունների և բժշկության թեմաներին: Մասնակիցները պետք է գնահատեին, թե ինչքանով են այդ կատակները դյուրըմբռնելի, գռեհիկ, սուր և հետաքրքիր: Գիտնականները նաև գնահատել են մասնակիցների ինտելեկտի մակարդակն ու նրանց ագրեսիվության աստիճանը:

Պարզվել է, որ սև հումորի սիրահարներն առավել խելացի են և ագրեսիվ չեն, ինչպես նաև կրթության ավելի բարձր մակարդակ ունեն: Ամենաագրեսիվն են ճանաչվել այն մասնակիցները, որոնք հասկացել են մռայլ կատակները, սակայն զվարճալի չեն համարել դրանք: Այն մարդիկ, որոնք չեն հասկացել կատակները, ցուցաբերել են ինտելեկտի միջին մակարդակ և չափավոր ագրեսիվություն:

Գիտնականները եկել են այն եզրահանգմանը, որ սև հումորի ընկալումը, «ամենայն հավանականությամբ, տեղեկությունների մշակման բարդ գործընթաց է, որը կախված է ճանաչողական և զգայական ասպեկտներից», և ագրեսիվությունն ու վատ տրամադրությունը, ամենայն հավանականությամբ, քչացնում են մռայլ կատակներից ստացվող հաճույքը:

Սև հումորի հանդեպ սերը բնորոշ է խելացի մարդկանց. հետազոտություն