Հայտնի է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կարգախոսը
Ուկրաինան հայտնել է «Եվրատեսիլ-2017» երգի մրցույթի կարգախոսը: Ինչպես տեղեկացնում է Gazeta.ru-ն` մեջբերելով ուկրաինական Առաջին ալիքի կայքը, այս տարի միջոցառման կարգախոսը կլինի Celebrate Diversity արտահայտությունը, որը կարելի է թարգմանել որպես «հարգել բազմազանությունը» կամ «փառաբանել բազմազանությունը»:
Ինչպես նշվում է ուկրաինական հեռուստաալիքի կայքում, կարգախոսը լրացնում է ներկայիս մրցույթի ստեղծագործական դիզայնը, որի հիմքում ընկած է ավանդական ուկրաինական վզնոցը` կազմված մեծ քանակությամբ տարատեսակ մարգարիտներից:
«Եվրատեսիլ» մրցույթի գործադիր տնօրեն Յուն Ուլա Սանի խոսքով` այս տարվա կարգախոսը գալիս է լրացնելու նախորդին, որն էր «Միավորվենք» (Come Together):










