Google-ը 4 մլն դոլար կապիտալով ճգնաժամային հիմնադրամ է հիմնել Թրամփի որոշման պատճառով տուժածների համար

16:43 • 30.01.17

Ամերիկյան Google տեխնոլոգիական ընկերությունը 4 մլն դոլար կապիտալով ճգնաժամային հիմնադրամ է ստեղծել՝ նախատեսված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն արգելքի հետևանքով տուժածներին օգնելու համար:


Այս մասին հաղորդում է The Verge-ը՝ մանրամասնելով,  որ հիմնադրամի ֆինանսական միջոցները նվիրաբերվել են Google-ի աշխատակիցների կողմից և ուղղվելու են փախստականների ու ներգաղթյալների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող 4 կազմակերպության:


Աղբյուրը նկատում է, որ սա Google-ի կողմից երբևէ իրականացված խոշորագույն մարդասիրական նախաձեռնությունն է:


Հետաքրքրական է, որ տեխնոլոգիական ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Սունդար Պիչայն ու համահիմնադիր Սերգեյ Բրինը Հնդկաստանից և նախկին ԽՍՀՄ-ից ԱՄՆ տեղափոխված ներգաղթյալներ են:


Հիշեցնենք, որ օրերս Թրամփը ստորագրել է հրամանագիր, որով անորոշ ժամկետով դադարեցվել է Սիրիայից փախստականների ընդունման գործընթացը, ինչպես նաև 90-օրյա մուտքի արգելք է սահմանվել Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի և Եմենի քաղաքացիների նկատմամբ:

Սակայն Թրամփը հայտարարել է, որ լրատվամիջոցները սխալ են մեկնաբանել իր ներգաղթային քաղաքականությունը՝ այն ներկայացնելով որպես արգելք՝ ուղղված մուսուլմանների դեմ:

«Ուզում եմ հստակ ասել, որ սա արգելք չէ մուսուլմանների դեմ, ինչպես որ աղավաղված հաղորդեցին ԶԼՄ-ները: Սա կրոնի հարց չէ, այլ՝ ահաբեկչության և մեր երկրի անվտանգության»,- նշվում է Թրամփի տարածած հայտարարությունում:

 

 

 

 

Google-ը 4 մլն դոլար կապիտալով ճգնաժամային հիմնադրամ է հիմնել Թրամփի որոշման պատճառով տուժածների համար