ԱՄՆ-ում շարունակվում են Թրամփի ներգաղթային քաղաքականության դեմ բողոքի ակցիաները (տեսանյութ)
ԱՄՆ-ի մի շարք քաղաքներում անցկացվել և անցկացվում են նախագահ Դոնալդ Թրամփի՝ ներգաղթային քաղաքականության վերաբերյալ ստորագրած հրամանագրերի դեմ բողոքի ցույցերը:
Ինչպես գրում է The New York Times-ը՝ բազմահազարանոց ցույցեր են տեղի ունեցել Բոստոնի և Մայամիի օդանավակայանների դիմաց ու հրապարակներում, ինչպես նաև՝ Նյու Յորքում, Հյուսթոնում, Ֆիլադելֆիայում, Դետրոյթում, Լոս Անջելեսում և Ատլանտայում:
Հավաքվածները մեղադրում են ԱՄՆ նախագահին այլատյացության և իսլամաֆոբիայի, ինչպես նաև ամերիկյան արժեքները խախտելու համար:
Նշենք, որ անցած շաբաթ Թրամփը ստորագրել է «Երկիրն օտարերկրյա ահաբեկիչների մուտքից պաշտպանելու մասին» հրամանագիրը, որն արգելում է 7 երկրի բոլոր քաղաքացիների մուտքն ԱՄՆ 90 օրով (Իրան, Իրաք, Եմեն, Լիբիա, Սիրիա, Սոմալի և Սուդան), ինչպես նաև դադարեցնում է ցանկացած փախստականի ընդունումը 120 օրով և անորոշ ժամանակով արգելում սիրիացի փախստականների ընդունումը:










