«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոնը մտադիր է սուպերքար կառուցել
«Ֆորմուլա-1»-ի կրկնակի չեմպիոն և հեղինակավոր ամերիկյան «Ինդիանապոլիս 500» մրցաշարի հաղթող Էմերսոն Ֆիտիպալդին իր սեփական ավտոմոբիլային ապրանքանիշն է ստեղծել` Fittipaldi Motors անվանումով:
Ինչպես տեղեկացնում է Motor.ru-ն, ընկերության առաջին սուպերքարի կոնցեպտը կներկայացվի մարտին անցկացվելիք Ժնևյան ավտոսրահում:
Նորույթը ստացել է Fittipaldi EF7 Vision Gran Turismo անվանումը: Նախատիպի դիզայնի համար պատասխանատու է Pininfarina իտալական ընկերությունը, որը մասնագիտանում է թափքի նախագծման գործում: Իսկ տեխնիկական բաղադրիչների համար պատասխանատու է HWA գերմանական ինժեներական ընկերությունը, որը հանդիսանում է Mercedes-Benz գերմանական ավտոարտադրողի գործընկերը:
Ներկա պահին հրապարակվել է մեքենայի միայն մեկ թիզեր, և որևէ հստակ տեղեկություն մոդելի մասին չի հաղորդվում: Դատելով մեքենայի անվանումից`այն հասանելի կլինի նաև Gran Turismo խաղում:










